Արդարությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը

Արդարությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին մասնագիտական օրվա առիթով: 

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը, եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և տրամաբանությամբ, չենք կարողացել առնվազն լիարժեք կերպով հասցեագրել, իրագործել: Այս առումով, դատախազության դերը երկրում արդարության և արդարադատության զգացում ձևավորելու իմաստով, իհարկե, դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ, ես այս խնդիրն եմ տեսնում և դնում մեր պետական կառավարման համակարգի, նաև այն մարմինների առաջ, որոնք անկախ են գործում, բայց գործում են պետական տրամաբանության սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված ձևով: Մենք այս նպատակը ոչ մի րոպե մեր տեսադաշտից բաց չպիտի թողնենք, որովհետև արդարությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը, և շատ կարևոր է, որ դատախազությունը, քննչական մարմինները, դատական համակարգն ամեն օր իրենց աշխատանքում հենց այս նպատակն ունենան իրենց աչքի առջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: