ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում
Հուլիսի 1-ին ընդունեցի Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր իմ հրավերով, Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հանդիպման հիմնական նպատակն էր՝ ֆրանսիական կողմին ներկայացնել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները և հիմնախնդիրները՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական փորձը Գեղարքունիքի մարզում տեղայնացնելու միջոցով գյուղատնտեսության զարգացմանն ու արդիականացմանը զարկ տալու և առաջնահերթ անելիքները հստակեցնելու համար։
Խոսեցի Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղղությունների, ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի, ներդրումային խոշոր ծրագրերի, գրանցված արդյունքների ու այն կոնկրետ քայլերի մասին, որոնք կարող են նպաստել մարզի գյուղատնտեսության առաջընթացին։
Ֆրանսիացիներն իրենց հերթին ներկայացրին Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսական ձեռքբերումները, ֆերմերային խոշոր տնտեսությունների ձևավորման ու կառավարման փորձը և պատրաստակամություն հայտնեցին՝ համատեղ ուժերով ուսումնասիրել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները և մշակել համագործակցության ռազմավարությունը՝ գործողության մեջ դնելով ոլորտային զարգացում ապահովող ծրագրեր հողագործության, անասնապահության, գյուղատնտեսական կրթության զարգացման ուղղություններում։
Մեր մարզում տարիներ շարունակ մարդիկ վարել են ավանդական գյուղատնտեսություն, որի արդյունքում մենք հիմնականում գործ ունենք նվազ եկամտաբերության ու բարձր ինքնարժեքի հետ։ Համագործակցության մեր նպատակը պետք է լինի՝ ֆրանսիական փորձի հիման վրա զարգացնել այնպիսի մշակաբույսերի ցանքեր, որոնք կապահովեն բարձր եկամտաբերություն ու համեմատաբար ցածր ինքնարժեք։
Նույնը կարելի է կիրառել անասնաբուծության, անասնապահական մթերքների արտադրության ոլորտներում։
Կարծում եմ, որ մենք կարող ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել ու տեսանելի արդյունքներ գրանցել։