Սպառնալիքի դեպքում Իրանը կարող է փոխել միջուկային դոկտրինը. Խամենիի խորհրդական

Սպառնալիքի դեպքում Իրանը կարող է փոխել միջուկային դոկտրինը. Խամենիի խորհրդական
Իրանը միջուկային զենքի մշակմամբ չի զբաղվում, սակայն կարող է փոխել իր դոկտրինը երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, երկրի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին այս մասին ասել է «Financial Times» թերթին։
Նա նշել է, որ եթե Արևմուտքը նորից կիրառի պատժամիջոցները, որոնք հանվել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Իրանի միանալուց հետո, Թեհրանից նույնպես լուրջ արձագանք կլինի՝ կապված միջուկային ռազմավարության փոփոխության հետ:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Թեհրանը հանդես չի գալիս միջուկային զենքի ստեղծման օգտին։
«Մինչ օրս մենք ուրանի ավելի քան 60 տոկոսով հարստացման մասին որոշում չենք կայացրել։ Բայց մենք փորձում ենք ընդլայնել մեր փորձը՝ օգտագործելով տարբեր մոտեցումներ և մեթոդներ»,-նշել է Խարազին։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ ԳՀՀԾ-ն, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
 
Աղբյուրը՝    arm.sputniknews.ru