ՀԲ-ն ՌԴ-ն տեղափոխել է բարձր եկամուտ ունեցող երկրների խումբ, ՀՀ-ի ցուցանիշներն էլ են աճել

ՀԲ-ն ՌԴ-ն տեղափոխել է բարձր եկամուտ ունեցող երկրների խումբ, ՀՀ-ի ցուցանիշներն էլ են աճել
Համաշխարհային բանկը Ռուսաստանը տեղափոխել է բարձր եկամուտ ունեցող երկրների խումբ: Այս մասին հայտնվում է ՀԲ 2023 թվականի դասակարգման ծանոթագրություններում։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ ՌԴ-ում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը 2022 թվականին կազմել է 12 810 դոլար, իսկ 2023 թվականին՝ 14 250 դոլար (ճշտենք՝ տարեկան, ոչ թե ամսական - խմբ)։ 2023 թվականին եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում հայտնվելու նվազագույն մակարդակը ՀԲ-ն սահմանել է 14 005 դոլար (այս ցուցանիշը փոփոխվում է որոշակի մեթոդաբանությամբ՝ կախված գնաճից)։
Նշվում է, որ Ռուսաստանում տնտեսական ակտիվությունը մեծամասամբ աճել է պաշտպանական հատվածի, առևտրի (+6.8%), ֆինանսական հատվածի (+8.7%) և շինարարության (+6.6%) հաշվին: Արդյունքում, երկրի ՀՆԱ–ն իրական արտահայտությամբ (գնաճը հանած) 2023 թվականին աճել է 3,6 տոկոսով, իսկ մեկ շնչին ընկնող միջին եկամուտը՝ ավելի քան երեք անգամ(11,2 տոկոսով)։

Հայաստանն այս դասակարգման մեջ մնացել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների խմբում (Upper middle income countries)։ 2023 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակը կազմել է 7 330 դոլար (2022 թվականին՝ 5 960 դոլար, իսկ 2021 թվականին՝ 4 850 դոլար)։ Այսպիսով, երկու տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է մեկուկես անգամ։

Հարկ է նշել, որ այս ընթացքում դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ խիստ նվազել է (միջին տարեկան փոխարժեքը 2021-ին կազմել է 503,8, իսկ 2023-ին՝ 392,5 դրամ մեկ դոլարի դիմաց)։ Բայց չի կարելի ասել, որ Հայաստանի ցուցանիշն աճել է միայն (կամ նույնիսկ հիմնականում) դրա հաշվին։ Դոլարով, ինչպես նշեցինք, այն 2 տարվա ընթացքում աճել է մոտ 50%–ով, բայց նաև դրամով՝ 40%-ով (այսինքն՝ ավելի քիչ, բայց ոչ շատ)։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,6%–ով, 2023 թվականին ՝ 8,7%-ով (հիմնականում ռելոկանտների ներհոսքի, միջնորդավորված առևտրից ստացվող եկամուտների, ինչպես նաև հարկային արտոնությունների հաշվին շինարարության ոլորտում ակտիվության հաշվին)։

Հավելենք, որ Հայաստանը «միջինից բարձր» երկրների խմբում է 2017 թվականից։ Այս ցուցանիշը, սակայն, ունի նաև իր բացասական կողմը․ Հայաստանի Հանրապետությունն այլևս կարիքավոր չի համարվում, ուստի չի կարող հույս ունենալ արտասահմանյան արտոնյալ վարկերի (իսկ դրամաշնորհների՝ շատ ավելի փոքր չափով) ստացման վրա։

Նշենք նաև, որ աշխարհում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բերմուդյան կղզիներում (համարվում են Բրիտանիայի տարածք)՝ 134 640 դոլար։ Հաջորդը մեկ այլ օֆշորային գոտի է ՝ Լիխտենշտեյնը (116,600 դոլար), այնուհետև՝ Նորվեգիան (102,460 դոլար):

Աղբյուրը`   arm.sputniknews.ru