ԵԱԶԲ–ում թվարկել են Հայաստանի տնտեսության համար հիմնական ռիսկերը

ԵԱԶԲ–ում թվարկել են Հայաստանի տնտեսության համար հիմնական ռիսկերը
Եվրասիական զարգացման բանկի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Մարինա Սոբոլևսկայան Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանի տնտեսության համար հիմնական ռիսկերի մասին։
Հունիսին ՎԶԵԲ-ը փոխել է 2024 թվականի արդյունքներով Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ 5,7%-ից 7,5%:
Սոբոլևսկայայի խոսքով՝ ԵԱԶԲ երկրների շարքում սա կանխատեսման ամենամեծ վերանայումն էր։ Այս վերահաշվարկի հիմքում ընկած հիմնական գործոնը արտադրական արդյունաբերությունն ու թանկարժեք մետաղների արտահանումն է։
«Մենք կարծում ենք, որ այս տարվա վերջին այդ գործոնը կսպառվի։ Եվ եթե աճի ինչ-որ նոր գործոններ, նոր ազդակներ չհայտնվեն տնտեսության մեջ, ապա սպասելի է, որ տնտեսությունը կվերադառնա աճի իր հավասարակշռված տեմպերին։ Դա 4-5 տոկոս է», - նշեց Սոբոլևսկայան։

Լրացուցիչ գործոնները, որոնք ազդեցություն կունենան աճի նվազման վրա, Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրներում (մասնավորապես՝ Ռուսաստանում) դանդաղումն է։ Խոսելով հայկական տնտեսության համար հնարավոր ռիսկերի մասին՝ Սոբոլևսկայան թվարկեց մի քանի գործոն։

«Ռիսկերի շարքում մենք առանձնացնում ենք աճի կենտրոնացումը որոշակի ոլորտներում։ Դա, իհարկե, կարող է ռիսկ դառնալ Հայաստանի տնտեսության կայուն աճի համար, օրինակ, եթե այդ ոլորտները կտրուկ դանդաղեն», - ասաց Սոբոլևսկայան։

Այդ ռիսկը չեզոքացնելու համար տնտեսության դիվերսիֆիկացում է անհրաժեշտ։ Երկրորդ ռիսկը, նրա խոսքով, կապված է համաշխարհային տնտեսության հնարավոր դանդաղեցման հետ, որը կանխատեսվածից մեծ կլինի։

«Մենք համաշխարհային տնտեսության աճ ենք ակնկալում նախորդ տարվա մակարդակում՝ 3-3,1 տոկոս։ Իսկ եթե դանդաղումն ավելի արագ լինի, այդ թվում՝ զարգացած երկրներում, ապա դա կփոխի արտաքին պայմանները, և նույնպես ռիսկային սցենար կլինի», - ասաց Սոբոլևսկայան։

Կա մեկ այլ, ավելի քիչ հավանական սցենար, դա գործոնների փոփոխությունն է, որոնք նպաստել են բարձր աճին: Մասնավորապես դա վերաբերում է ռելոկանտների ներհոսքին, ՏՏ ոլորտի զարգացմանը։