NEWS.am. ԵՄ գնալու հետևանքը լինելու է աշխատատեղերի եւ եկամտի կորուստը. Վարդան Արամյան

NEWS.am. ԵՄ գնալու հետևանքը լինելու է աշխատատեղերի եւ եկամտի կորուստը. Վարդան Արամյան

Կա քաղաքական ինտեգրացիա եւ տնտեսական ինտեգրացիա. Անդամակցությունը քաղաքական ինտեգրացիայի դասերից է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ անդամակցության ձգտումներին:

«Տնտեսական ինտեգրացիան երկրները, սովորաբար, անցնցում են 6 փուլով, ինտեգրման 6 տարբեր մակարդակներ կան: Առաջինը արտոնյալ առեւտուրն է, երբ քո գործընկեր բոլոր երկրների հետ նույն ռեժիմն ես ունենում, բայց մի երկրի հետ հատուկ արտոնյալ ռեժիմ ես ունենում: Երկրորդը ազատ առեւտուրն է, երբ դու կնքում ես անմաքս ապրանքների ու ծառայությունների տեղաշարժը: Երրորդ մակարդակը մաքսային միությունն է: Ինտեգրման երրորդ մակարդակից դու արդեն ստիպված ես լինում զոհաբերել արտաքին առեւտրային քաղաքականությունը: չորրորդ մակարդակը ընդհանուր շուկան է, երբ արդեն դու ուզում ես գնալ ավելի խորը ինտեգրման եւ ազատականացնում ես կապիտալի ու աշխատուժի տեղաշարժը: 5-րդ մակարդակը ընդհանուր դրամային գոտին է: Այս դեպքում դու ստիպված ես լինում զոհաաբերել նաեւ կառավարման գործիքներից եւս մեկը՝ դրամավարկային քաղաքականությունը: Իսկ 6-րդ մակարդակը, որը կոչվում է ամբողջական ինտեգրում, դրա միակ մոդելը ԱՄն-ն է, որտեղ ամեն մի նահանգ պետության մեջ պետություն է», - ասաց նա: 

Արամյանը նկատեց, որ տնտեսական ինտեգրումը չի կարող անջատ լինել քաղաքական ինտեգրումից. «Հնարավոր չէ, օրինակ, սկանդինավյան երկրներն ինտեգրվեն Լատինական Ամերիկայի երկրների հետ, որովհետեւ Սկանդինավյան երկրների շահերն ավելի շատ համընկնում են ԵՄ-ի հետ: Այսինքն հնարավոր չէ անդամակցել ԵՄ-ին՝ առանց տնտեսական ինտեգրման այս փուլերն անցնելու:

Հնարավոր է դու լինես տնտեսական մեկ բլոկում, բայց քաղաքական առումով համագործակցես ԵՄ-ի հետ: Դա այն է, ինչ Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերվեց, երբ ԵԱՏՄ անդամ լինելով ստորագրվեց ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր»,- ընդգծեց նախկին նախարարը:

Վարդան Արամյանը ընդգծեց, որ թեեւ խոսվում է ԵՄ ինտեգրման մասին, բայց 2018-ից ի վեր ԵԱՏՄ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է. «2018-ին եւ ԵԱՏՄ-ում, եւ ԵՄ-ում մենք գրեթե նույն արտաքին առեւտրի կշիռն ենք ունեցել. դա մոտ 26-27 տոկոսի շրջանակներում է եղել: Հիմա ԵՄ-ի կշիռը նվազել է, ԵԱՏՄ-ինն աճել է, ընդ որում զգալի տեմպերով: Այս տարվա 4 ամիսների տվյալներով ԵԱՏՄ-ի հետ առեւտրաշրջանառությունը 46 տոկոսից ավել է: Իսկ ԵՄ-ի բաժինը նվազել է՝ հասնելով 15-16 տոկոսի», - ընդգծեց նա:

Ավելին`  news.am