ՀԵՆԱՐ հիմնադրամ. Ռազմավարական համագործակցություն Հայաստանի առողջապահության ոլորտում
ՀԵՆԱՐ հիմնադրամը և Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկության դպրոցը հայտարարում են Հայաստանում առողջության առաջնային պահպանման համակարգի բարելավմանն ու բժշկական կրթության նորարարական մոդելների ներդրմանն ուղղված ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին։
Հուլիսի 3-ին ՀԵՆԱՐ հիմնադրամը Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկության դպրոցի հետ համատեղ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ նշանավորելով ռազմավարական համագործակցության մեկնարկը՝ ուղղված Հայաստանում առողջության առաջնային պահպանման համակարգի բարելավմանը և բժշկության և առողջապահության ոլորտներում կրթության նորարարական մոդելների ներդրմանը: Պաշտոնական ստորագրմանը հաջորդեցին շնորհավորական ելույթներ ու մասնակիցների միջև փոխգործակցության հնարավորություն։
Միջոցառմանը ներկա էին ընտանեկան բժշկության և հետբուհական բժշկական կրթության ամբիոնների վարիչները, այլ մեծարգո գործընկերներ, ինչպես նաև «Առողջ Հայաստան» հիմնադրամի առաջնորդության զարգացման ծրագրի թիմը, պրոֆեսորադասախոսական կազմն ու գործընկերները, որտեղ ՀԵՆԱՐ-ը Չոբանյան և Ավետիսյան բժշկության դպրոցի հետ համատեղ ապահովում է ծրագրի բժշկական կրթության բաղադրիչը:
«Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկության դպրոցի հետ համագործակցությունն ընդգծում է մեր անսասան հանձնառությունը վերափոխելու առողջության առաջնային պահպանման օղակը Հայաստանում՝ բժշկական կրթության և տաղանդների զարգացման մեջ նորարարական և համակարգային նախաձեռնությունների միջոցով», - ասաց ՀԵՆԱՐ հիմնարդամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը։
«Չոբանյան և Ավետիսյան բժշկական դպրոցի Բոստոնի համալսարան-Հայաստան բժշկական համագործակցությունը հավատարիմ է մնում առողջապահական կրթությանն աջակցելուն և Հայաստանում մեր գործընկերների հետ համագործակցությանը: Առաջնային օղակի ուժեղացումը և առողջապահական կրթությունը առաջնահերթ նախաձեռնություններից են, և մենք ներկայումս աշխատում ենք ՀԵՆԱՐ-ի և տեղական շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու կարճաժամկետ և երկարաժամկետ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն առողջության առաջնային պահպանման համակարգի բարելավմանն ու բժշկական կրթության նոր մոդելներին», - հավելեց ընտանեկան բժշկության ասիստենտ, Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկության դպրոցի ԲՀ-Հայաստան բժշկական համագործակցության տնօրեն Արամ Կալիգյանը, բ.գ.թ.։
Այս կոնսորցիումը աջակցում է Առողջապահության նախարարության առողջապահության առաջնային պահպանման 2021-2026 թթ. վերափոխման ծրագրին: ՀԵՆԱՐ-ի նվիրվածությունը առողջության առաջնային պահպանման և բժշկական կրթության համակարգային փոփոխություններին, ինչպես նաև Բոստոնի համալսարանի ընտանեկան բժշկության բաժանմունքի համաշխարհային առողջապահական համագործակցության փորձը առողջության առաջնային պահպանման ոլորտում թույլ են տալիս հասնել հաջողության այս համագործակցության մեջ:
ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց, ՀԵՆԱՐ-ի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար: Հիմնադրամը կենտրոնացած է Հայաստանում առաջնային խնամքի համակարգի վերափոխման վրա՝ շեշտը դնելով տաղանդների զարգացման և թվային փոխակերպման վրա: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ՀԵՆԱՐ հիմնադրամի կայքում (https://henar.am/):
Բոստոնի համալսարանը հիմնադրել է իր բժշկական դպրոցը 1873 թվականին՝ միաձուլվելով 1848 թվականին հիմնադրված Նոր Անգլիայի կանանց բժշկական քոլեջի հետ, որը կանանց համար առաջին նման հաստատությունն է աշխարհում։ 2022 թվականին բժշկական դպրոցը կոչվեց Բոստոնի համալսարանի Արամ Վ. Չոբանյանի և Էդվարդ Ավետիսյանի անվան բժշկության դպրոց՝ կրթաթոշակների տրամադրման, առաջադեմ հետազոտությունների և դասավանդման համար աջակցության շնորհիվ (https://www.bumc.bu.edu/camed/):