Փորձում են մարդկանց անունով կեղծ վարկեր ձևակերպել. նոր խաբեություն` Հայաստանում

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ զեղծարարների մի խումբ խաբեության նոր ալիք է սկսել, որի արդյունքում նրանք բանկերի հեռախոսահամարներով զանգահարում են քաղաքացիներին և, կորզելով տարատեսակ տեղեկատվություն, նրանց անունով վարկեր են ձևակերպում։
«Կեղծում են բոլորի հեռախոսահամարները։ Այսինքն՝ դուք ռեալ տեսնում եք, որ ձեզ զանգել են հենց ձեր բանկից։ Ու սկսվում է պատմություն, որ հիմա դուք ինչ-որ խնդրի առաջ եք կանգնած․ ինչ-որ հանցագործներ փորձում են ձեր հաշվեհամարով վարկեր վերցնել։ Այնուհետև ասում են՝ մենք ձեզ կոդ կուղրակենք, այդ կոդը մեզ ասեք», — իր հոլովակում ասում է Մարտիրոսյանը՝ պարզաբանելով, որ իրականում զանգահարողը հենց ինքը վարկ ձևակերպողն է։
Ներկայացնում ենք Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները, թե ինչ անել այսպիսի իրավիճակներում։
Առաջինը՝ հիշել, որ երբեք, ոչ-մի ֆինանսական կազմակերպություն կամ բանկ ձեզնից չի կարող հարցնել ոչ-մի գաղտնաբառ, ոչ-մի կոդ, առավելևս, հեռախոսին ուղարկված կոդ։
Երկրորդը՝ եթե զանգել են բանկից և զգում եք, որ չափազանց շատ են հարցեր տալիս (և բնավ պարտադիր չէ, որ այդ հարցերը միայն կոդերի մասին լինեն), ապա անհրաժեշտ է անջատել, նույն համարով հետ զանգահարել և հարցնել՝ արդյո՞ք ձեզ զանգահարել էին այդ բանկից, քանի որ հետ զանգահարելով այդ հեռախոսահամրին, դուք վստահաբար կապ կհաստատեք հենց ձեր իրական բանկի հետ, ոչ թե խաբեբաների։
Սամվել Մարտիրոսյանի հոլովակը դիտեք այստեղ․
Աղբյուրը՝ how2b.am