Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրին

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրին

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրին: 2 մլն եվրո դրամաշնորհը տրամադրվելու է ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից: Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ից ներգրավվելու են վարկային միջոցներ՝ 10 մլն եվրոյի չափով:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով:

Հիմնավորման համաձայն՝ 2022թ. ընթացքում Հարավային մաքսատուն-վարչությունում հայտարարագրվել է 373,000 տոննա բեռ, իսկ 2023թ. ընթացքում` 569,000 տոննա։ Ձևակերպված հայտարարագրերի քանակը 2022թ. կազմել է 8,100, իսկ 2023թ.` 14,300: Նշված բեռները 2022թ․ տեղափոխվել են 17,600 տրանսպորտային միջոցներով, իսկ 2023թ.` 29,900 տրանսպորտային միջոցներով:

Կենտրոնի գործարկումը դրական ազդեցություն կունենա նաև մայրուղու երթևեկության վրա. Հարավային մաքսատուն-վարչության շրջակայքի տարածքի նեղ բնույթը պատճառ է հանդիսանում, որ բեռնատարները երբեմն ստիպված լինեն հերթ կանգնել հարակից մայրուղու վրա։ Ծրագրի իրականացմամբ ավելի լավ կկազմակերպվի երթևեկության հոսքը տվյալ տարածքում՝ լուծելով նշված խնդիրը: