Վերին Լարսի մոտ շուրջ 1000 հայկական բեռնատար կա, բայց իրավիճակը կարգավորվում է. կցորդ

Վերին Լարսի անցակետի մոտ իրավիճակը քիչ–քիչ կարգավորվում է, հերթերն արդեն վերանում են։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Երեկ` հուլիսի 8-ին, Sputnik Գրուզիան հայտնել էր, որ ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել, սոցցանցերում մարդիկ գրում էին, որ ստիպված են շուրջ 10 ժամ սպասել իրենց հերթին։ Կուտակումներն առաջացել էին զբոսաշրջային սեզոնի սկսելու հետ կապված, քանի որ սահմանը հատող զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելացել է:
«Այս պահին ՀՀ-ՌԴ ուղղության վրա ունենք մոտ 500 բեռնատար, որոնց մի մասը Վրաստանի տարածքում են, իսկ մյուս մասը արդեն Վերին Լարսի անցակետում ձևակերպվում են։ Նույն քանակի բեռնատարներ էլ ունենք հակառակ ուղղությամբ», – ասաց Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին երթևեկության սահմանափակումներ չկան, և հայկական բեռները ձևակերպվում են առանց խոչընդոտների:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
Աղբյուրը` armenia.sputniknews.ru