Գյուղատնտեսական մտահոգություններ. ի՞նչ սպասումներ կան

Գյուղատնտեսական մտահոգություններ. ի՞նչ սպասումներ կան

Գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվում, ինչի համար տարբեր պատճառներ կան. ոռոգման ջրի անկանոն մատակարարում, սերմացուի բացակայություն, դիզվառելիքի, պարարտանյութերի արդեն աստղաբաշխական գներ, վնասատուների տարածվածություն և այլն: Ըստ վիճակագրական կոմիտեի, 2022թ․-ի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը ընթացիկ գներով կազմել է 79 094.1 մլն ՀՀ դրամ՝  2021թ. նույն ամիսների համեմատ նվազելով  5.4%-ով։

 Ի՞նչ սպասումներ կան այս տարի գյուղատնտեսության ոլորտից։  Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ejc.am-ի («Տնտեսական լրագրողների ակումբ») թղթակցի հետ զրույցում ներկայացրել է  ակնկալիքները:

 Ըստ Գ. Պետրոսյանի, գյուղատնտեսության առանձին ուղղություններով դրական ակնկալիքներ կան, իսկ որոշ ուղղություններով անկումը կշարունակվի։ Խաղողի, հատկապես տեխնիկական սորտերի, լավ բերք է սպասվում, սակայն մթերումների հարցը մտահոգիչ է:  Նա շեշտեց, որ նկատի ունենալով անցած տարվա խաղողի մթերումների կազմակերպման դառը փորձը, նաև այն տեղեկությունները, որ գինու արտահանումն է կրճատվել, պատկան մարմինները պետք է օր առաջ գործնական քայլեր ձեռնարկեն մթերումները ճիշտ և ժամանակին կազմակերպելու ուղղությամբ:

 «Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությունը միջին մակարդակի վրա կլինի: Արարատյան դաշտում վաղահաս կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացել են, նաև ջերմատներում է կարտոֆիլի  տունկ կատարվել ավելի շատ, քան անցյալ տարի և արդեն վաղահաս կարտոֆիլի իրացում է  գնում: Այնուհանդերձ,  ապրիլյան տեղումների բացակայության արդյունքում Արարատյան դաշտում կարտոֆիլի ծլարձակումը ուշացավ և դա կազդի բերքատվության վրա։ Այս տարի վաղահաս կարտոֆիլից միջին բերք է ակնկալվում»,- կանխատեսեց նա:

 Ինչ վերաբերում է կարտոֆիլի ընդհանուր ցանքսին, ապա Գ․Պետրոսյանը տեղեկացրեց, որ որոշ տարածքներում դեռևս շարունակվում է  կարտոֆիլի ցանքը, ցանքատարածությունները ևս ավելացել են և այս տարի կարտոֆիլի բերքից կարելի է նաև արտահանել:

 Ըստ գյուղատնտեսության նախկին փոխնախարարի՝ աշնանացան ցորենի վերաբերյալ դիտարկումների համաձայն, ցորենի բերքը պակաս կլինի, որի հիմնական պատճառը պարարտանյութերի գների կտրուկ թանկացումն է. հողագործները նախատեսվածից ավելի քիչ են պարարտանյութ օգտագործել։  Իսկ պետության կողմից տրամադրվող սուբսիդավորվող պարարտանյութի բաշխումը հարթ չի ընթանում, տարածքներ կան, որ առայսօր պարարտանյութը չեն ստացել Նա պարարտանյութի բաշխումը գնահատեց «անկազմակերպ» և նշեց, որ ցորենի գարնանային ոռոգման հետ սովորաբար պարարտանյութ է տրվում, սակայն շատերը չեն կարողացել տալ, իսկ արդյունքում կունենանք ցորենի բերքատվության նվազում:

 «Խնդիր կա նաև գարնանացան գարու հետ, նախ ցանքերը կրճատվել են։ Այստեղ էլ խնդիրներից մեկը սերմացուի բացակայությունն է: Նաև անցած տարի երաշտային էր, և ցածր բերք ստացվեց գարու ցանքսից: Իսկ այս տարի սերմացու ունենալը խնդիր էր, ներկրումներ չկատարվեցին, իսկ տեղական սերմացուն չբավարարեց, ցանքատարածությունները կրճատվեցին»,- ասաց նա:

 Գառնիկ Պետորսյանը խոսեց նաև մրգի, հատկապես ծիրանենու բերքից, ասաց, որ Արարատի և Արմավիրի մարզի որոշ տարածաշրջաններում բերքը խիստ նվազ է, իսկ որոշ տարածքներում՝ զրոյական պատճառը ապրիլի բացասական ջերմաստիճանն էր: Կեռասենու, դեղձենու, սալորենու, բալենու բերքը ևս նվազ կլինի և այս տարի կստացվի միջին կամ միջինից ցածր բերք:

 Հարցին, թե արդյո՞ք ջերմատների զգալի մասի անցումը ծաղկաբուծության կազդի բուսաբուծության արտադրանքի վրա, պատասխանեց, որ ջերմատնային արտադրանքը մեծ տեսակարար կշիռ չունի, այն սեզոնային մատակարարումների հարց է լուծում, ուստի էական խնդիրներ չի առաջացնի: Ամռան և աշնան ամիսների բաց գրունտում բուսաբուծության արտադրանքն արդեն կարևոր դերակատարությունի ունի և այս ոլորտում բաց գրունտի արտադրանքն է թելադրողը:

 «Անկասկած կարձանագրվի բուսաբուծական արտադրանքի գների որոշակի աճ. գրեթե 3 անգամ թանկացել է պարարտանյութը, էականորեն թանկացել են թունաքիմիկատները, որոշ թունաքիմիկատներ կրկնակի են թանկացել, դիզելային վառելանյութի գինը կրկնապատկվել է, գյուղատնտեսական ծառայությունների գներն են թանկացել և այս ամենը, իհարկե, կազդի  արտադրանքի իրացման գների վրա»,-կանխատեսեց Գառնիկ Պետրոսյանը և հավելեց, որ հակառակ պարագայում, եթե հողագործները չկարողանան շահեկան գնով իրացնել բերքը, ապա կհրաժարվեն հող մշակելուց, իսկ գյուղոլորտում եկամուտներն առանց այն էլ ցածր են: