ԱՄՆ ՄԶԳ-ն ՀՀ-ի համար առանցքային գործընկեր է թվային վերափոխման օրակարգի իրականացման գործում․ ԲՏԱ նախարար

ԱՄՆ ՄԶԳ-ն ՀՀ-ի համար առանցքային գործընկեր է թվային վերափոխման օրակարգի իրականացման գործում․ ԲՏԱ նախարար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի համար առանցքային գործընկեր է ժողովրդավարության ամրապնդման ու Հայաստանի թվային վերափոխման օրակարգի իրականացման գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 10-ին այս մասին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն ողջունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին և երախտագիտություն հայտնեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը և ԱՄՆ-ի  ժողովրդին տասնամյակներ շարունակ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ 

«Աշխարհում, որտեղ տեխնոլոգիաներն արագ փոխում են մեր ապրելակերպը, թվայնացումը դարձել է շարժիչ ուժ տնտեսությունն ու նորարարությունը խթանելու և կայուն զարգացում ապահովելու գործում: Հանրային ծառայությունների թվայնացումը միայն տեխնիկական վերազինում չէ. այն հիմնարար վերափոխում է, որն ուղղված է հանրային ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդմանը, ինչը ժողովրդավարության հիմնաքարերից է: 

Մեր նպատակն է ծառայություններն ավելի հասանելի, թափանցիկ և արդյունավետ դարձնել՝ բարձրացնելով քաղաքացիների գոհունակությունը պետության հետ ամենօրյա շփումներում», – ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ թվային վերափոխման այս ճանապարհին կառավարությունը խորապես կարևորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներդրումը: ԲՏԱ նախարարը բարձր  գնահատեց հատկապես ծառայությունների օպտիմալացման, կիբեռանվտանգության, ամպային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ համատեղ աշխատանքները։ 

«Ծառայությունների օպտիմալացման ու քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով մենք սկսել ենք կիրառել տարբեր արդի մեթոդաբանություններ և վերջինիս գործիքակազմերով ներկայում բարելավում ենք «ապրանքների ներմուծման» և «բիզնեսի գրանցման ու իրավունքների պաշտպանության» և այլ ընթացակարգեր:  

Արդյունքում մենք կունենանք ամբողջությամբ թվայնացված ծառայություններ, որոնք հասանելի կլինեն քաղաքացիների համար ծառայությունների մատուցման ազգային հարթակում: Մեր համատեղ աշխատանքի մեկ այլ ձեռքբերում եղել է ծառայությունների մատուցման հարթակի բջջային տարբերակի նախատիպի մշակումը: Այս նորարարությունն ավելի է մոտեցնելու ծառայությունները մեր քաղաքացիներին՝ ապահովելով կենսական ծառայություններից ցանկացած ժամանակ ցանկացած վայրում օգտվելու հնարավորությամբ», - նշեց Հայրապետյանը։

Բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի մրցունակության բարձրացման համար նախարարը չափազանց կարևոր է համարում ներդրումներ կատարել ավելի դիմակայուն և հուսալի ենթակառուցվածքներում: 

«Թվայնացման գործընթացներին զուգահեռ չափազանց կարևոր է հոգատար լինել առավել խոցելի խմբերի նկատմամբ և կիբեռանվտանգության ապահովման մեջ մեր գործունեության հիմնական ուղղությունները ներառում են թվային ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության միջոցառումների կատարելագործմանը»,-հավելեց նախարարը։

Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգներին կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների ամրապնդման գործում շարունակական աջակցության համար: 

«Անցած տարվա ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ կիբեռկարողությունների գնահատման մի շարք վարժություններ է իրականացրել։ Մենք լիահույս ենք, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկատարելագործենք նաև ոլորտի օրենսդրական դաշտը և պետության կիբեռանվտանգության կարողությունները: 

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մենք այս տարի առաջին անգամ AWS-ի կողմից իրականացրինք «կառավարության SS ենթակառուցվածքի շարունակականության» վերաբերյալ ուսումնասիրություն, բարձրաստիճան պաշտոնյաների ուսուցում և կարողությունների զարգացման աշխատանքներ, որոնք նշանակալի էին մեր թվային ճարտարապետության ձևավորման համար։ 

Այս ամենը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության 2021- 2026 թվականների կառավարության ծրագրով ստանձնած մեր պարտավորություններին, և մենք կարևորում ենք ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը AWS-ի մեր աշխատանքներում: 

Վերջերս ՀՀ կառավարությունն ընդունել է «Ամպայինն առաջինը» քաղաքականությունը, որով իրավական հիմք է դրվում ամպային առաջադեմ ենթակառուցվածքների զարգացման համար: 

Վստահաբար այս հարցում ևս մենք համագործակցելու ենք ամերիկյան մեր գործընկերների հետ՝ ապահովելու պետական և մասնավոր հատվածում կարողությունների զարգացումը ամպային տեխնոլոգիաներին անցնելու նպատակով»,- շեշտեց Հայրապետյանը։

Եզրափակելով խոսքը՝ ԲՏԱ նախարարը կրկին ցանկություն հայտնեց ընդգծել Միացյալ Նահանգների հետ ՀՀ կառավարության գործընկերության կարևորությունը Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման գործում՝ ի շահ ավելի դիմակայուն և տեխնոլոգիապես զարգացած Հայաստանի: