Կկատարելագործվի սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը

Գործադիրի որոշմամբ, սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի նախագիծը և դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը՝ նպատակ հետապնդելով կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող իրավական դաշտը: Նախագծերը մշակվել են բնակչության կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավման և նրանց մատուցվող սոցիալական ծառայությունների պրոֆեսիոնալիզացիայի և որակի բարձրացման նպատակով՝ համապատասխանացնելով այդ նպատակի համար հարակից ոլորտները նույնպես:
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ։ Որոշման ընդունմամբ կհստակեցվեն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի առարկան, սոցիալական աջակցության ոլորտի դերակատարների լիազորությունները, կբարելավվի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, կսահմանվեն նոր սոցիալական ծառայությունների տեսակներ, կբարելավվեն արդեն իսկ տրամադրվող սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված իրավակարգավորումները, կկարգավորվեն հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված առանձնահատկությունները, կսահմանվեն սոցիալական աշխատողների հիմնական գործառույթները, կվերանայվեն նրանց իրավունքները և պարտականությունները, կսահմանեն նրանց գործունեության երաշխիքները, կսահմանվեն սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողի համար նոր պահանջներ, կպահանջվի ոչ դրամական սոցիալական ծառայությունների որակի չափորոշիչների և դրանց նկատմամբ, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտի բոլոր ծառայությունների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և գնահատման կարգերի սահմանումը և այլն:
Նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի կատարել մի շարք ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ, ինչպես նաև՝ ընդունել նորերը։ Արդյունքում իրավակարգավորումները թույլ կտան, որպեսզի սոցիալական աջակցության ոլորտում ավելանան մասնավոր դերակատարները, ոլորտը դառնա ավելի ճկուն արձագանքող, միաժամանակ դիմակայուն և զարգացած։