Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժակ-մանկաբարձական կայան

Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժակ-մանկաբարձական կայան
Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ընդունեցի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջրամատակարարման և բնակավարերի ճարտարագետ Գևորգ Աֆյանին։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք կոմիտեի կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում նոր բուժակ-մանկաբարձական կայանի կառուցման, մարզի 4 չորս բուժակ-մանկաբարձական կայանների և մեկ առողջության կենտրոնի շենքերի տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագրերը։
Շատվանում կառուցվող նոր ԲՄԿ-ի շենքն ունենալու է բուժքրոջ և միջամտությունների սենյակ, սպասարան և սանհանգույց։ Ծրագրի շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։
ԿԽՄԿ-ի կողմից այս տարվա ընթացքում նախատեսվում է 3 կվտ հզորության արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում Վարդենիս համայնքի Կութ, Ազատ, Նորաբակ և Դարանակ բնակավայրերի ԲՄԿ-ների շենքերի տանիքներին, որոնց շնորհիվ տվյալ կառույցները կգործեն էներգոհամակարգից անկախ, և 40 կվտ հզորության արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ Ճամբարակի առողջության կենտրոնի շենքի տանիքին։
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ այս տարիների ընթացքում ունեցած արդյունավետ համագործակցության և Գեղարքունիքի մարզի բնակավայրերում կենսական նշանակության ծրագրեր իրականացնելու համար։ա