iOS 18-ում ավելացել է գործառույթ, որը վերականգնում է կորցրած կամ վնասված լուսանկարները

Apple-ը նոր գործառույթ է ներկայացրել iOS 18-ում, որը կօգնի օգտատերերին վերականգնել կորցրած կամ վնասված լուսանկարներն ու տեսանյութերը:
«Լուսանկարներ» (անգլ. Photos) հավելվածի «Վերականգնված» (անգլ. Recovered) նոր ալբոմն ավտոմատ կերպով կհայտնաբերի և կցուցադրի սարքում դեռևս պահված նախկինում անհասանելի մեդիա՝ օգտատերերին երկրորդ հնարավորություն տալով պահպանել այն: Այս ալբոմը գոյություն կունենա «Վերջերս ջնջված» (անգլ. Recently deleted) ալբոմի հետ զուգահեռ, որն արդեն ծանոթ է օգտատերերին։
Նոր գործառույթը հասանելի է ոչ միայն iOS 18-ում, այլև iPadOS 18-ում և macOS Sequoia-ում: Նշվում է, որ iOS 18-ի, iPadOS 18-ի և macOS Sequoia-ի թարմացումների ժամանակ սարքն ավտոմատ կերպով սկանավորելու է վերականգնման ենթակա լուսանկարներն ու տեսանյութերը: Կարևոր է նշել, որ նոր ալբոմը տեսանելի կլինի միայն այն դեպքում, եթե սարքում իսկապես կորած կամ վնասված մեդիա ֆայլեր կան: Հակառակ դեպքում այս տարբերակը չի հայտնվի:
Նոր գործառույթի ավելացումը հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկել լուսանկարներն ու տեսանյութերը ջնջելու գործընթացը, ինչպես նաև կարող եք վերականգնել մեդիա ֆայլերը, որոնք համարվում էին կորած:
Ի դեպ, iOS 18-ի հանրային բետա տարբերակն այժմ հասանելի է ներբեռնման համար: Սա նշանակում է, որ բոլորն այժմ կարող են փորձել iOS 18-ը և դրա բոլոր նոր հնարավորությունները: