Ներկրել նարինջ, արտահանել ծիրան․ տնտեսության դիվերսիֆիկացիա նաև բարտերի միջոցով
Հնարավո՞ր է արդյոք դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունն իրականում։ Փորձագիտական դաշտում կարծում են՝ ոչ թե հնարավոր է, այլ անհրաժեշտ։ Կախվածությունը մեկ կամ երկու երկրի շուկաներից ի վերջո խնդիրներ է ստեղծելու։ Մոտ երեք տասնամյակ Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է։ Ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված վերջին երկու տարում Հայաստանի տնտեսական աճը բավականին բարձր է՝ կարծում են մասնագետները։ Մինչդեռ, պատերազմը մի օր ավարտվելու է։
Հինգ ամսում՝ հունվար–մայիսին, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 1,4 տոկոսով, կազմելով ավելի քան 501,5 մլրդ դրամ կամ 1,3 մլրդ դոլար։ Առևտրային գործընկերների ցանկում էական փոփոխություններ չկան, ԵԱՏՄ անդամ երկրներ, մասնավորապես՝ ՌԴ, ԵՄ երկրներ, ԱՄԷ շուկաներ։ Դիվերսիֆիկացնել կապերը իրականում՝ տնտեսության զարգացման համար։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ Հայաստանը կարող է այլընտրանքային շուկաների հետ զարգացնել հարաբերությունները՝ միաժամանակ պահպանելով արդեն ավանդական շուկաների հետ առևտրային կապերը։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ընդգծում է․ «2015 թվականից մենք ունենք միջկառավարական պայմանագիր Իրաքի հետ, որտեղ գրված է՝ ՀՀ–ն որքան գյուղմթերք արտադրի, Իրաքը պատրաստ է այն գնել։ Այսպիսի պայմանագիր դուք որևէ տեղ տեսե՞լ եք։ Բա մեզ այդ հնարավորությունները տրված են։ Մենք ասում ենք՝ պետք է գնանք միայն հյուսիս, արևմուտք։ Եղբայր, այնտեղ, որտեղ քեզ սպասում են, հարգանքով են վերաբերվում, նախ այնտեղից սկսիր»։
Տնտեսագետն արձանագրում է՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները առևտրային իրական հարաբերություններ զարգացնելու Եվրամիության անդամ երկրների հետ՝ միաժամանակ հարաբերությունները չխաթարելով մյուսների հետ․
«Հունաստանի հետ ե՞րբ եք փորձել բարտեր անել՝ բերեք նարինջ, տարեք ծիրան։ Փորձե՞լ եք երբևէ։ Պետք է կարողանալ կազմակերպել»։
Կախվածությունը մեկ երկրից կամ մեկ շուկայից ի վերջո խնդիրներ է ստեղծելու։ Մանասերյանը վստահ է՝ Հայաստանի տնտեսական աճն այս պահին ռուս–ուկրաինական պատերազմով է պայմանավորված։
Տնտեսագետ Արմեն Քթոյանն էլ ընդգծում է՝ շուկայի դիվերսիֆիակցիան վարչական որոշում չէ, այլ տնտեսության մրցունակության գործնական դրսևորում։ Եթե տնտեսության արտադրանքը մրցունակ է, շատ շուկաներ է ներգրավում, սա արդեն մրցունակ ու դիվերսիֆիկացված տնտեսության ցուցիչ է․
«ԵԱՏՄ շուկայից ու ռուսական շուկայից կախվածության թուլացումը օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջին հերթին տնտեսական ասպեկտով, քանի որ ՌԴ շուկան այսպես, թե այնպես սեղմվում է։ Տարբեր պատճառներով դառնում է մեր բիզնեսի համար պակաս գրավիչ»։
Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հայտարարել է, որ համամասնական հարաբերակցությամբ Հայաստանը միության անդամ պետությունների մեջ ստանում է ամենաշատ օգուտը եվրասիական ինտեգրումից։ Հանրապետության տնտեսության 35 տոկոսը, Հայաստանի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական կոմիտեների տվյալներով, իրականացվում է ի հաշիվ ԵԱՏՄ-ի՝ ասել է Աննա Դոնչենկոն․
«Ռուսաստանը, չնայած քաղաքական անհամաձայնություններին, մնում է Հայաստանի ամենախոշոր արտաքին առևտրային գործընկերը։ 2023թ. երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը։ Երևանի խոշոր առևտրային գործընկերների եռյակում են նաև ԱՄԷ-ն և Չինաստանը։ Եվրամիության բոլոր երկրների հետ առևտրային գործողությունները 2023թ. հասել են 7,6 մլրդ դոլարի, ինչը համադրելի է Ռուսաստանի հետ արտահանման-ներմուծման գործողություններին»։
Արմեն Քթոյանը հիշեցնում է՝ Հայաստանը արտահանում է կոնյակ, ձկնամթերք, վերամշակվող որոշ արտադրանք, լոլիկ, ծիրան, կեռաս։ ՌԴ արտահանվող ապրանքի 70–80 տոկոսն են կազմում այս ապրանքները։ Մինչդեռ բոլոր հիմքերը կան այլ շուկաների հետ իրական առևտրային հարաբերություններ զարգացնելու համար։
Հասմիկ Դիլանյան
Աղբյուրը` hy.armradio.am