ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում. Բերդկունք
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել եւ շահագործվել է արտաքին լուսավորության ցանց, ավտոտրանսպորտային կանգառ, մեկնարկել և ընթացքի մեջ է գտնվում մանկապարտեզի շենքի կառուցումը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն` Բերդկունքում սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 459 միլիոն 712 հազար դրամ, որից 342 միլիոն 733 հազար 200 դրամը ՀՀ կառավարության, 116 միլիոն 978 հազար 800 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Բերդկունքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 3 միլիոն 772 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ԼԵԴ համակարգով աշխատող արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Բերդկունքի Կենտրոնական փողոցում, Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքում, մայրուղուն հարող 2-րդ եւ 5-րդ նրբանցքներում։ Տեղադրվել է 29 լուսատու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի տարեվերջին եւ ավարտվել 2023 թվականի մարտ ամսին։ Այդ թաղամասերը լուսավորվում են առաջին անգամ։
Բերդկունքի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի տեղադրման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերից եւ ավարտի հասցվել 2023 թվականի հոկտեմբերին։ Կանգառի տարածքի սալիկապատման աշխատանքների համար միջոցներ են հատկացվել Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցներից։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարային վահանակներով ավտոտրանսպորտային սպասարկման կանգառը կառուցվել է Բերդկունքի մուտքի մոտ։ Ծրագրի շահառու են հանդիսանում Բերդկունքի բոլոր բնակիչները։
Բերդկունքի մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 450 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Նորակառույց շենքը կլինի երկհարկանի՝ նկուղային հարկով, շուրջ 1100 քառակուսի մետր մակերեսով։ Այն կգործի 90 սաների համար՝ 3 խմբով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և, ըստ պայմանագրով սահմանված ժամկետի, կավարտվեն 24 ամսվա ընթացքում։ Մանկապարտեզը թեև կառուցվում է Բերդկունք գյուղի վարչական տարածքում, սակայն այստեղ կհաճախեն նաև հարևանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։