Windows-ի պատճառով խափանվել է Եվրոպայի և ԱՄՆ-ի բանկերի և ավիաընկերությունների աշխատանքը

Ամբողջ աշխարհում նկատվում է Windows համակարգով աշխատող սարքերի աշխատանքի խափանում։ Ինչպես գրում է Register-ը, դա կապված է տեղեկատվական անվտանգության լուծումների մատակարար CrowdStrike-ի թարմացման սխալի հետ։
Մի շարք երկրներում ինքնաթիռները չեն կարողանում ո՛չ օդ բարձրանալ, ո՛չ վայրէջք կատարել։ Bild թերթը նշում է, որ Բեռլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանը (BER) տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:
Տեխնիկական անսարքության պատճառով սպասարկման ուշացումներ կան։ Նույն տեղեկությունը փոխանցում է իսպանական Aena օպերատորը. երկրի օդանավակայանները բախվել են «համակարգչային համակարգում տեղի ունեցած միջադեպի»: RBB ռադիոկայանի տեղեկատվության համաձայն` կա չհաստատված հաղորդագրություն սերվերի զանգվածային խափանման և վթարային համակարգերի ակտիվացման մասին: Սպասվում է նաև ուղևորների գրանցման հետաձգում՝ տեխնիկական պատճառներով:
Աղբյուրը` armenia.sputniknews.ru