Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով. Կամո Արեյան

Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով. Կամո Արեյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի հեղեղատար համակարգին։

Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանից` տեղումների ծավալը գերազանցում է նորմը, որի հետևանքով քաղաքում առաջանում են ջրականգեր: «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկած հեղեղատար համակարգերն անմխիթար վիճակում են: Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց,  որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը կատարված է, այսինքն՝ ուսումնասիրվել է բացառապես գոյություն չունեցող համակարգի խնդիրը և եղած, բայց ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ-պռատ գործող հեղեղատար համակարգի վերակառուցման խնդիրը: 

Հստակեցվել է նաև վարչական շրջանների բակային տարածքներում գործող և շարքից դուրս եկած հեղեղատար համակարգի վիճակը: Բակային տարածքների հեղեղատար համակարգը գործում է մոտ 40 տոկոսով, բազմաբնակարան շենքերն սպասարկողը մեծամասամբ նպատակին չի ծառայում: Մայրաքաղաքի 29 հասցեում (18,8 կմ-ոց) հեղեղատար համակարգը բացակայում է, առկա է կառուցելու անհրաժեշտություն, միևնույն ժամանակ 7,2 կմ-ոց հատվածում էլ համակարգը պետք է վերակառուցել: 

Նշվեց, որ մոտ 28 կմ-ոց հեղեղատար համակարգ կառուցվել է  ճանապարհաշինական նոր ծրագրերի ընթացքում:

«Մենք «Վեոլիա Ջրի»  հետ քննարկել ենք խնդիրը, ընկերությունը պետք է բարելավի սպասարկումը», - ընդգծել է Արեյանը և հավելել, որ նրա հետ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատվել:  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ քաղաքապետարանը պետք է ունենա որոշակի քանակի տեխնիկական միջոցներ, ինչը հնարավորություն կտա համապատասխան աշխատանքներ կատարել: