ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ՀՀ զինված ուժերին՝ գումարտակի համար լիարժեք վրանային ճամբար ստեղծելու նպատակով
![ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ՀՀ զինված ուժերին՝ գումարտակի համար լիարժեք վրանային ճամբար ստեղծելու նպատակով](/storage/static/articles/02/32/58/l-ae6dsyfoAK.jpg )
Երկուշաբթի կայացած նիստում ԵՄ խորհուրդը որոշել է 10 մլն եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանում գումարտակի համար լիարժեք վրանային ճամբար ստեղծելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ «աջակցությունն ուղղված է Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ հնարավորությունների բարձրացմանը և ճգնաժամային, արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։ Այն նաև ուղղված է բարձրացնելու Հայաստանի դիմադրողականությունը և ԶՈՒ փոխգործունակությունը միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին մասնակցելու դեպքում, այդ թվում՝ այն առաքելություններին, որոնք տեղակայված են ԵՄ–ում»։
ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներն էլ ավելի շատ կբարձրացնեն Հայաստանի կայունությունը։
«Անվտանգությունը գնալով ավելի կարևոր տարր է դառնում Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններում։ Ունենք փոխադարձ հետաքրքրություն արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության հարցում», - նշել է Բորելը:
Աջակցությունը տրամադրվելու է Հայաստանի հետ ԵՄ Գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և ուղղված է խթանելու խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը Հայաստանում և Հարավային Կովկասում։
ԵՄ խորհուրդը նաև հայտարարել է, որ հետամուտ է Հայաստանի հետ համակողմանի քաղաքական և տնտեսական գործընկերությունն՝ ակտիվացնելով Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շուրջ երկխոսությունը (CSDP):