ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է  պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետ է ժամանել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող «GAZ»  մակնիշի ավտոքարշակ, որի կշռման ժամանակ  մաքսային ծառայողի հարցին արդյո՞ք ավտոքարշակում  առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել:  Մաքսային ծառայողի մոտ, սակայն կասկած է առաջացել, որ  նշված մեքենայով մաքսային հսկողությունից թաքցված ապրանք է տեղափոխվում։ Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է ռենտգեն տեսազննման կայան, որտեղ կատարված ռենտգեն հսկողության արդյունքում կասկածելի պատկեր է նկատվել: Ավտոքարշակն ուղարկվել է խորը զննման անգար և  ենթարկվել  մաքսային զննման, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված թաքստոցներից  հայտնաբերվել են ընդհանուր 61 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր։

Դեպքի առնչությամբ կազմվել է   մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։

Նշենք, որ  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» մաքսային անցման կետում մաքսային ծառայողների կողմից 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում կանխվել է  մոտ 340 կգ քաշով դեղորայքի ապօրինի ներմուծման 16 դեպք։

Մանրամասները տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=r-Gnei-_8dA