BRICS-ի երկրները քննարկում են իրենց վճարային համակարգերը միացնելու Իրանի գաղափարը

BRICS-ի երկրները քննարկում են իրենց վճարային համակարգերը միացնելու Իրանի գաղափարը

BRICS-ի անդամ երկրները քննարկում են խմբի ներսում ազգային վճարային համակարգերը միացնելու Իրանի նախաձեռնությունը: Այս մասին, B24-ի փոխանցմամբ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«BRICS-ի երկրների ֆինանսական շուկաները միացնելու, հաշվարկները ազգային արժույթներով իրականացնելու և վճարային նոր մեխանիզմներ ներդնելու համար տարբեր, այդ թվում՝ իրանական տարբերակներ են քննարկվում»,- ասել է պաշտոնյան՝ օրինակ բերելով ռուսական ու իրանական վճարային համակարգերի համագործակցությունը:

Ռուդենկոն ընդգծել է, որ BRICS-ի ֆինանսական ինքնիշխանության ամրապնդման ամենակարևոր տարրը «անկախ վճարահաշվարկային ենթակառուցվածքի ստեղծումն է, որը դիմացկուն է պատժամիջոցների ճնշմանը»: Միաժամանակ, ըստ նրա, շարունակվում է Իրանի ներկայացրած նախաձեռնության քննարկումը, և «վերջնական պարամետրերի մասին դեռ վաղ է խոսել»:

Հիշեցնենք՝ Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հուլիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ: Հուլիսի 6-ին նա հայտնել է, որ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են ռուսական «Միր» վճարային համակարգի և իրանական «Շեթաբի» ինտեգրման աշխատանքների ավարտը, ինչպես նաև համաձայնագիր են ստորագրել՝ առևտրային գործարքների համար ազգային արժույթներին իրացվելիություն տրամադրելու վերաբերյալ: