Հաստատվել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը

Հաստատվել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը

Գործադիրը հաստատել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը:

Ծրագրի միջոցառումների իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները` ՀՀ-ում արտադրվող բուսական ծագման մթերքում մնացորդային քանակների ուսումնասիրում, հանրային իրազեկում և սպառողների առավելագույն պաշտպանություն մնացորդային քանակներից: Ծրագրի իրականացման ապահովումը կբերի մնացորդային քանակների հայտնաբերման և ռիսկի գնահատման ենթակառուցվածքների զարգացմանը, տեխնիկական վիճակի բարելավմանը, ինչպես նաև այդ վիճակի շարունակական պահպանմանը, ինչը զգալի ազդեցություն կունենա սպառողների կյանքի և առողջության պաշտպանության գործընթացում, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ավելացնել արտահանման ծավալները և նոր շուկաներ նվաճել:

Կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի շրջանակում նաև որոշում է կայացվել, որով առաջարկում է վերաբաշխում և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ։

Որոշման ընդունումը հնարավորություն կստեղծի իրականացնել բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի հայտնաբերում և մոնիթորինգ։ Հայաստանի Հանրապետությունում մնացորդային նյութերի աղտոտվածության ուսումնասիրության ծրագրեր նախկինում քիչ են իրականացվել, առաջնային հումքի իրացման շուկան պետական վերահսկողության առաջնային թիրախներից չի հանդիսացել, այդ իսկ պատճառով պետք է բուսական ծագում ունեցող մթերքներում հսկողությունն իրականացնել հանրապետության մակարդակով և ըստ մարզերի՝ հաշվի առնելով հետագծելիության սկզբունքի ապահովումը և աղտոտման աղբյուրների և պատճառների բացահայտումը:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բուսական ծագման մթերքում փորձաքննություն իրականացնելու նպատակով 2024 թվականի պետական բյուջեով Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող՝ 1187 «Գյուղատնտեսության արդիականացման ծրագիր» ծրագրի 12004 «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր» միջոցառմանը հատկացված գումարից նվազեցնել 45,000.0 հազ. դրամ և հատկացնել 2024 թվականի պետական բյուջեով Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող՝ 1213 «Տեսչական վերահսկողության ծրագիր» ծրագրի 11018 «Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի վերահսկողություն» միջոցառմանը: