Երբեք 3 հայկական ավիաընկերություն միաժամանակ թռիչք չի իրականացրել, շուտով կմիանա 4-րդը․ Փայասլյան

Երբեք 3 հայկական ավիաընկերություն միաժամանակ թռիչք չի իրականացրել,  շուտով կմիանա 4-րդը․ Փայասլյան

Շուտով՝ մոտ 1 ամսից հայկական ավիաշուկայում իր թռիչքները կսկսի 4-րդ հայկական ավիափոխադրողը՝ ազգային  ավիափոխադրող Fly Arna-ն։ Բացի այդ՝ մեր երկրի շուկայում վերջին շրջանում ավելացել են մի շարք նոր ավիափոխադրողներ, կան նոր ուղղություններ՝ այդ թվում կանոնավոր թռիչքներ Երևան-Ալմա-Աթի, Երևան-Լառնակա և այլն։ Դեպի ՌԴ թռիչքներն այլևս ամենապահանջվածը չեն, փոխարենն ակտիվացել են թռիչքներ դեպի Դուբայ, Շարժա և Եվրոպա։ Ի՞նչ նոր ուղղություններ և ավիաընկերություններ են եկել Հայաստան, ինչպե՞ս է ընդլայնվել թռիչքների աշխարհագրությունը: Հանրային Ռադիոն զրուցել է  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ  Ստեփան Փայասլյանի հետ։ 

-Պարոն Փայասլյան, տեղյակ եմ, որ կան նոր ավիաընկերություններ, որոնք նախանշել են Երևանը և նախատեսում են ունենալ նաև կանոնավոր թռիչքներ՝ ողջ տարվա ընթացքում, խնդրում եմ ռադիոլսողներին մանրամասներ ներկայացնել՝ նոր ուղղությունների և ավիաընկերությունների վերաբերյալ․

— Շուտով մեր շուկայում կսկսի իր թռիչքները հայկական նոր ավիաընկերություն՝ Fly Arna-ն, իսկ օտարերկրյա ավիաընկերություններից ֆրանսիական Trans Avia ընկերությունն է սկսել թռիչքներ, Աբու Դաբիից թռիչքներ Wizz Air ավիաընկերությունն է իրականացնում, սեպտեմբերի սկզբից դեպի Հռոմ ուղղություն է բացվելու, հունիսի սկզբից Լառնակա-Երևան կանոնավոր չվերթներ կիրականացվեն, դրանք հիմնականում չարտերային թռիչքներ են եղել, բայց այս տարվանից նախատեսվում է, որ կդառնան կանոնավոր։

Բոլորովին նոր ընկերություն է Fly Arista ղազախական ավիաընկերությունը, որը ևս կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Երևան-Ալմա-աթա։ Իհարկե կանոնավոր չվերթներին զուգահեռ կունենանք կարճաժամկետ թռիչքներ՝ միայն ամռան ամսիներին»,-ասում է Ստեփան Փայասլյանը։

Աղբյուրը՝  hy.armradio.am