Սահմանների բացման հետևանքով մեր գյուղացիական տնտեսությունները կսննկանան . Սուրեն Պարսյան

Սահմանների բացման հետևանքով մեր գյուղացիական տնտեսությունները կսննկանան . Սուրեն Պարսյան

Տարածաշրջանում Հայաստանի տնտեսությունը բավականին դժվարին իրավիճակում է հայտնվել՝ պայմանավորված 2020 թվականի ֆինանսա-տնտեսական տեսանկյունից ճգնաժամային տարի լինելով, ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Մենք տարածաշրջանում ունենք ամենաբարձր տնտեսական անկումը և այս պայմաններում բնականաբար սահմանների բացումը պետք է դիտել որպես մեր տնտեսական անվտանգության վրա ազդող կարևոր ռիսկերից մեկը։ Հայաստանի տնտեսությունը և տնտեսվարողները պատրաստ չեն մրցակցել թուրքական և ադրբեջանական ապրանքների հետ, որոնց գներն անհամեմատ ցածր են՝ պայմանավորված մասշտաբով՝ մեծ քանակությամբ են այդ ապրանքները արտադրվում։ Բացի այդ՝ արտարժույթի փոխարժեքով լիրան վերջին տարիների ընթացքում կտրուկ արժեզրկվել է, որը թուրքական ապրանքներն ավելի էժան է դարձնում մեր ներքին շուկայում։ Երրորդը՝ պետական աջակցության ծրագրերն ու մեխանիզմները Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում բավականին հզոր են։ Այդ աջակցության ծրագրերը սկսում են մաքսատուրքերով, օրինակ Թուրքիայի դեպքում մաքսատուրքը կարող է հասնել 45 տոկոս նույնիսկ, և բազմաթիվ սուբսիդավորվող ծրագրերով, էժան էլեկտրաէներգիայով, բնական գազով և այլն։ Սրանք այն գործոններն են, որոնք ուղղակիորեն ազդում են ապրանքների ինքնարժեքների վրա»,-նկատում է տնտեսագետը։

Պարսյանը կարևորում է սահմանների բացման, տնտեսական շրջափակումը վերացնելու մասին խոսելուց առաջ պետք է ռիսկերն ու հնարավորությունները գնահատելն ու հասկանալը ՝ արդյո՞ք մեր տնտեսությունը պատրաստ է նման զարգացումների։

«Թուրքիայից մենք տարեկան ներկրում ենք 201 միլիոն դոլարի ապրանք, արտահանում ենք մոտ 1.5 միլիոն դոլարի ապրանք։ Թուրքիայի համար դա փոքր ցուցանիշ է և կազմում է նրա արտահանման ողջ ծավալի ընդամենը 0.01 տոկոսը, իսկ թուրքական ապրանքների ներկրումը կազմում է մեր ամբողջ ներկրման ծավալի մոտ 5 տոկոսը։ Այսինքն, ունենք իրավիճակ, երբ թուրքական ապրանքների ազդեցությունը մեր տնտեսության վրա բավականին մեծ է և այդ ազդեցությունը նվազեցնելու համար պետք են պետական ծրագրեր, որոնք թույլ կտան թուրքական ապրանքների փոխարինելիությունը ապահովել։ Մենք ունենք հնարավորություններ՝ թուրքական ապրանքների այլընտրանքային մատակարարներ, երկրներ գտնելու։ Այդ հնարավորությունները մշակելու և կյանքի կոչելու համար պետությունը և Էկոնոմիկայի նախարարությունը մեծ անելիքներ ունեն»,- ասում է Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետը նշում է, որ Թուրքիայից մենք ներկրում ենք գյուղմթերք՝ մասնավորապես նարինջ, մանդարին, նուռ, լոլիկ, կիտրոն և այլն, որոնց այլընտրանքային մատակարարման երկրներ կարող են լինել Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, Լիբանանը, Եգիպտոսը և այլն, նույնկերպ հագուստի մատակարարման երկրներ կարող են լինել Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը, Բանգլադեշը, որոնք բավականին էժան ապրանքներ ունեն։

«Բնականաբար չի ստացվելու ամբողջությամբ հրաժարվել թուրքական ապրանքներից այս կարճ ժամանակահատվածում, բայց այս մեսիջը տնտեսվարողներից պետք է գնա։ Բայց կառավարությունը իրար հակասող քայլեր է իրականացնում, հայտարարում է, որ մենք արգելում ենք վերջնական սպառման թուրքական ապրանքների ներկրումը, մյուս կողմից խոսում է սահմաննների բացման մասին։ Այսինքն, եթե սահմանը բացվում է՝ ապրանքը արգելելու իմաստը ո՞րն է։ Տնտեսվարողը, որը պատրաստվում է փոխարինել որևէ ապրանք այլ երկրի արտադրությամբ, տեսնում է, որ կառավարությունը բացում է սահմանը, ու բնականաբար գիտակցում է, որ իր ապրանքը չի կարողանա մրցակցել թուրքական էժան ապրանքի հետ։ Հայաստանում որևէ նոր արտադրանք չի ստեղծվի, քանի որ թուրքականը միշտ ավելի էժան է լինելու։ Սրանք խնդիրներ են, որոնց մասին կառավարությունը պետք է մտածեր»,-ահազանգում է տնտեսագետը։

Պարսյանը նշում է նաև, որ թուրքական ապրանքների ներմուծումը արգելելու կառավարության հայտարարությունից հետո բազմաթիվ գործարարներ արդեն բազմաթիվ ապրանքատեսակների այլընտրանքեր էին գտել օրինակ իրանական շուկայում, պատվերներ էին տվել, սակայն տեսնելով կառավարության այս որոշումը, արդեն սկսում են վերանայել իրենց որոշումն ու արդյունքում ստացվում է ոչ թե պետական նախաձեռնություն, այլ բիզնեսը տնօրինողի հայեցողությանն է թողնում ընտրությունը։

«Արդյունքում բիզնեսմենը կարող է շարունակել թուրքական ապրանք ներկրելը, իսկ մյուսը, ում համար անընդունելի է Թուրքիայի քաղաքականությունը՝ ներկրի այլ երկրից կոնկրետ ապրանքատեսակը։ Սա սխալ մոտեցում է, երբ որոշումը փոխանցում են բիզնեսներին, սա պետական քաղաքականություն պետք է լինի և բոլոր բիզնեսներին և տնտեսվարողներին քաղաքականություն բերեն»,-շեշտում է Սուրեն Պարսյանը։

Հայկական շուկայի վրա թուրքական գործոնի ուժեղ ազդեցությունը կազդի քաղաքացու վրա ուղղակիորեն, քանի որ թուրքական և ադրբեջանական էժան գյուղատնտեսական արտադրանքն ուղակիորեն կսննկացնի հայ գյուղատնտեսական արտադրությունը՝ պայմանավորված իրենց մասշտաբով, էժան էներգակիրներով և այլն։

«Մեր գյուղմթերքը չի կարող մրցակցել ոչ թուրքական, ոչ ադրբեջանական արտադրանքի հետ։ Մեր աշխատուժի մեկ երրորդը գյուղացիական տնտեսություններում են զբաղված ու այդ մարդիկ կկորցնեն իրենց եկամուտները։ Այսինքն, մենք ստեղծում ենք պայմաններ, որ գյուղերն ավելի դատարկվեն, քանի որ սա ճիշտ քաղաքականություն չէ։ Գյուղն ապահովում է մեր պարենային անվտանգությունը ու եթե գյուղերը դատարկվեն, մեր պարենային անվտանգությունը կտրուկ կնվազի։ Արդեն իսկ մենք ունենք պարենային անվտանգության լուրջ խնդիրներ ցորենի դեպքում, ալյուրի, հավի մսի, բրնձի դեպքում, այսինքն մենք ունենք ցածր ինքնաբավության մակարդակ և հիմնականում կախվածություն ունենք մեր գյուղից։ Բացի այդ՝ Արցախյան այս պատերազմի արդյունքում կորցրեցինք հազարավոր հեկտարներով վարելահողեր, սա էլ իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնում պարենային անվտանգության տեսանկյունից։ Երբ մենք կորցնում ենք մեր վարելահողերն ու ունենում ենք շուկայում գերակշռող թուրքական էժան ապրանքները բնականաբար այդ ամենին ոչ տնտեսությունը, ոչ տնտեսվարողները, ոչ պետական համակարգը պատրաստ չեն»,-ահազանգում է տնտեսագետը։

Աղբյուրը՝  armdaily.am