Մասշտաբային փառատոն DILIJAN WINE FEST-ը երրորդ անգամ անց է կացվելու Խանջյանի ամառանոցի տարածքում

Օգոստոսի 3-ից 4-ը Դիլիջանում` Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում տեղի կունենա DILIJAN WINE FEST 2024 փառատոնը, որը կազմակերպվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Գինու փառատոնը Դիլիջանում անցկացվում է արդեն երրորդ տարին`ընդլայնելով մասնակիցների ցանկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից։
«Այս անգամ մեր փառատոնի համար ռեկորդային թվով հայկական բրենդներ ենք հավաքել։ 40-ից ավելի գինեգործարաններ և ռեստորաններ հյուրերին կզարմացնեն նոր համերով: Վերջին տարիներին Հայաստանում գինեգործության մշակույթը սրընթաց զարգանում է՝ ավելի ու ավելի մեծ ուշադրություն գրավելով տեղական բարձրորակ գինիների և խաղողի յուրահատուկ սորտերի վրա։ Մեր թիմը ուրախ է լինել այս գործընթացի մի մասը և նպաստել դրա առաջմղմանը», - ասում է TimeTo-ի փառատոնների գծով տնօրեն Ռոման Օրլենկոն:
«Գինու զբոսաշրջությունը Հայաստանի զբոսաշրջային շուկայի առաջնային ուղղություններից է՝ շնորհիվ մեր երկրի գինեգործական հարուստ պատմության և մշակույթի։ Տավուշի մարզը մեր 5 գինեգործական մարզերից մեկն է, և ողջունելի է, որ այս մարզում ևս կազմակերպվում է գինու փառատոն, որին հնարավորություն ունեն մասնակցելու թե՛ Հայ գինեսերները, թե՛ արտերկրից ժամանած մեր հյուրերը։ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն աջակցում է այս նախաձեռնությանը, որը նպաստում է ոչ միայն արժեքների պահպանմանը և արժևորմանը, այլև համայնքներում զբոսաշրջության և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը», - ասում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը։