Քաղաքագետը վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու որոշումը քայլ առաջ է համարում Հայաստան-ԵՄ հարաբերություններում

Քաղաքագետը վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու որոշումը քայլ առաջ է համարում Հայաստան-ԵՄ հարաբերություններում

Վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու ԵՄ խորհրդի որոշումը քայլ առաջ է Հայաստան-ԵՄ հարաբերություններում, որի լավագույն բնորոշումն ու գնահատականը տվել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ով նշել է, որ դա ՀՀ-ի համար վառված հերթական կանաչ լույսն է։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ ԵՄ խորհրդի որոշմանը։  

«Իհարկե, բանակցությունները դեռ երկար կշարունակվեն, որովհետև Հայաստանը խնդիրների ունի ԵՄ-ի կողմից առաջադրված չափորոշիչների ու պահանջների հետ։ Դրանք պետք է բավարարվեն, օրինակ բիոմետրիկ անձնագրերի, պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման մասով։ Ունենք տնային աշխատանք, որն, անշուշտ, պետք է կատարենք։ ԵՄ արտգործնախարարների խորհրդի որոշումը միանշանակ ողջունելի է և քայլ առաջ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,- ասաց Մկրտչյանը։ 

Քաղաքագետի կարծիքով՝ վիզաների ազատականացման դեպքում Հայաստանն ավելի կմոտենա եվրոպական ընտանիքին, և դա կոնկրետ ազդեցություն կունենա մեր քաղաքացիների կյանքի պայմանների վրա։ 

«Այսօր էլ, եթե նայենք երկրում գործող դեսպանատների ծանրաբեռնված աշխատանքին, ակնհայտ է, որ մեր քաղաքացիներն անընդհատ բախվում են խնդիրների, կանգնում արհեստական խոչընդոտների առջև, տևական ժամանակ անցկացնում հերթերում։ Վիզաների ազատականացման դեպքում այդ ամենն այլևս չի լինի։ Մեծ մասամբ՝ դա կբարձրացնի նաև Հայաստանի վարկը»,- ասաց մեր զրուցակիցը։    

Քաղաքագետն անդրադարձավ նաև գործընթացի հնարավոր ռիսկերին՝ մասնավորապես անօրինական միգրացիային և բարեփոխումների ուղուց շեղվելու հավանականությանը։ 

«Բարեփոխումների մասով պատասխանատու են գործող իշխանությունները, թե որքանով են նրանք նպատակաուղղված այդ հարցում, ցուցաբերելու ե՞ն արդյոք քաղաքական կամք կամ ամբողջությամբ գնալու ե՞ն արդյոք բարեփոխումների ճանապարհով։ ԵՄ պաշտոնատար անձինք միշտ բաց են իրենց հրապարակային խոսքում։ Գնդակն իշխանությունների դաշտում է։ Գործընթացի վրա որոշակի լծակ և վերահսկողական գործառույթ ունի նաև քաղհասարակությունը, և ես վստահ եմ, որ հաջողելու ենք այդ գործընթացում։ Բորելն իզուր չնշեց, որ սա հերթական կանաչ լույսն է ՀՀ-ի առջև։ Նա ակնարկում էր, որ ԵՄ-ն մեր երկրին մոտենում է այնքան, որքան Հայաստանն է թույլ տալիս մոտենալ։ Բորելը նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է մոտենալ Հայաստանին։ Կունենա՞ն արդյոք մեր իշխանությունները քաղաքական կամք, արտաքին քաղաքականության մեջ վեկտորալ փոփոխություն կատարելու համարձակություն, ցույց կտա ժամանակը»,-ասաց Մկրտչյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ եթե իշխանությունները շարունակեն ԵԱՏՄ ռիսկերը չափել, գործընթացը կարող է առկախվել, բայց մեծ հաշվով, ըստ նրա, որոշում կայացնելու ծանրությունը միայն իշխանությունների ուսերին դրված չէ։ Չորս քաղաքական ուժերն առաջարկել են նաև հանրաքվեի ճանապարհով գնալ առաջ, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենք ընտրեն այդ ճանապարհն ու իրենք պատվիրակեն օրվա իշխանություններին գնալ դեպի Եվրամիություն։ Քաղաքագետի բնորոշմամբ՝ եթե ՀՀ ղեկավարությունն իրեն պատկերացնի կոմֆորտ զոնայում, համբերի, տեսնի, թե ինչ հանգուցալուծում կլինի ռուս-ուկրաինական հակամարտությունում, ՌԴ-ն կամովին կգնա՞ մեր տարածաշրջանից, թե՞ ոչ, ապա ՀՀ-ն ձեռք կբերի անվստահելի գործընկերոջ համբավ։ 

«Հիմա անհրաժեշտ է վստահելիության չափաբաժինը մեծացնել և դա անել ոչ թե առանձին քաղաքական ուժերի միջոցով, այլ կոնկրետ ՀՀ քաղաքացիների միջոցով, որպեսզի ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարներին զեկուցեն, որ Հայաստանի ժողովուրդն է կատարել ընտրությունը։ Հարևան Վրաստանում ժողովուրդն արդեն կատարել է այդ քայլը։ Այնտեղ կա պրոռուսական իշխանություն՝ ի դեմս Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի», բայց մյուս կողմից կա պրոեվրոպական նկրտումներ ունեցող վրաց ժողովուրդ, ուստի ԵՄ-ն իր գործողություններով ցույց է տալիս, որ վրաց ժողովրդի կողքին է մինչև վերջ»,- մեկնաբանեց քաղաքագետը։ 

Ինչ վերաբերում է միգրանտների խնդրին, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Եվրամիությունը սահմանել է հստակ չափորոշիչներ՝ պահանջներ դնելով նաև Հայաստանի առջև։ Ըստ նրա՝ դա գործիքակազմի մի մասն է, ԵՄ-ն հաշվի է առնելու նաև այլ երկրների, մասնավորապես Վրաստանի հետ վիզաների ազատականացման փորձը և Հայաստանի հետ բանակցությունների սեղանին կդնի կոնկրետ պահանջներ, որոնց կատարման ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատեն ՀՀ իշխանությունները։ 

Անդրադառնալով այն վիճակագրությանը, որ ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ-ում ապաստան ստանալու հայցերի 96 տոկոսը ԵՄ-ի կողմից մերժվում է, և այդ մարդիկ ենթակա են վերադարձի, քաղաքագետն ասաց, որ եվրոպացիների մոտեցումը լիովին ադեկվատ է իր համար, որովհետև ՀՀ քաղաքացիներին ապաստան տալու խնդիրներն առաջացան 2018 թվականից առաջ, երբ բոլոր ցուցանիշները խոսում էին այն մասին, որ մեր քաղաքացիները հիմնականում ԵՄ երկրներից ուզում էին քաղաքական ապաստան, մինչդեռ հիմա այդպիսի խնդիր դրված է, քանի որ Հայաստանը ժողովրդավար ու ազատ երկիր է, որտեղ որևէ մեկն իր քաղաքական հայացքների, կողմնորոշումների համար չի թիրախավորվում ու չի ենթարկվում բռնաճնշումների։ Այստեղ կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է ռեադմիսիայի համաձայնագիրը և պատրաստ է հետ ընդունել վերադարձի ենթակա իր քաղաքացիներին։   

«Բանակցություններն ընթանում են վիզաներն ամբողջությամբ ազատականացնելու մասին, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց անձնագրով, հետագայում արդեն բիոմետրիկ անձնագրերով կարողանան գնել տոմս և այցելել ԵՄ ցանկացած երկիր։ Վիզաների ազատականացումը գործարկելու դեպքում թե՛ մենք, թե՛ ԵՄ-ն կտեսնենք՝ ինչ խութեր և բացեր կան։ Լավարկման գործընթացը շարունակական է, և մեր իշխանությունները պետք է նաև հետևողական իրազեկման աշխատանքներ տանեն քաղաքացիների հետ՝ բացատրելով, որ վիզաների ազատականացում չի նշանակում գնալ ԵՄ անդամ պետություններ և այնտեղ հաստատվել անօրինական կերպով կամ, ժողովրդի խոսքով ասած, հանձնվել։ Դա պետք է բացառել։ Այդ ճանապարհով սկզբում գնացին վրացիները, ուստի նրանց փորձը նույնպես հաշվի կառնվի։ Կարծում եմ, որ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները կտևեն երկու տարի, իսկ այդ ընթացքում ՀՀ-ն պետք է օգտագործի յուրաքանչյուր օրը՝ համապատասխան աշխատանք տանելու համար, որովհետև այդ աշխատանքի առյուծի չափաբաժինը պետք է իրականացնենք մենք»,- եզրափակեց քաղաքագետը։   

Մանվել Մարգարյան