«Սևան Ստարտափ Սամմիթ 2024»-ն ամփոփել է արդյունքները
«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումը, 7 օրյա բովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ ժամանցային ծրագրերից հետո, ամփոփել է իր արդյունքները։
Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենթորներ և ստարտափների հիմնադիրներ։ Սամմիթը հյուրընկալեց հայտնի փորձագետների, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների և ստարտափերների։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2024»-ին մասնակցում էին մոտ 150 ստարտափներ և 250-ից ավել բանախոսներ աշխարհի շուրջ 40 երկրներից, այդ թվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Իրանից, Քենիայից, Լիտվայից, Նիգերիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից, Հայաստանից և այլ երկրներից։ Սամմիթի մասնակիցների և այցելուների թիվը գերազանցեց 10,000-ը։
Փակման արարողությանը ամփոփվեցին starter և booster ծրագրերի արդյունքները և հրապարակվեցին հաղթողների անունները: Հիշեցնենք, որ Սամմիթի գաղափարի գեներացման և կայացման փուլում գտնվող ստարտափների համար իրականացվել է հատուկ մշակված ինկուբացիոն ծրագիր, իսկ զարգացման փուլում գտնվող ստարտափների համար իրականացվել է միկրոաքսելերացիոն կրթական ծրագիր, որը վարում էին Սիլիկոնյան հովտից ժամանած Nexus Partners-ի և Antler-ի ներկայացուցիչները և Techstars-ի` աշխարհի ամենամեծ աքսելերացիոն ծրագրի, հիմնադիրը:
Այս տարի Սևան Ստարտափ Սամմիթի շրջանակներում անցկացվել են ևս 3 միջացառումներ` Energy Transition and Entrepreneurship Summit-ը, Sevan EV Rally 2024-ը և Sevan Agritech Summit-ը։ Վերջինս նույնպես ամփոփեց իր արդյուքները, որի հաղթող ճանաչվեց Hoviv թիմը Հայաստանից։
Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող և ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող ճանաչվեց Orion E-Mobility ստարտափը։
Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, և հաղթող ճանաչվեց Lioncharge ստարտափը։
Միջոցառման շրջանակում Triple S վենչուրային ֆոնդը ներդրում կատարեց StarsHunt ստարտափում։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը և ներդրումների թիվը գերազանցեց 100,000 ԱՄՆ դոլարը:
Աղբյուրը` how2b.am