Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով բացվել է հիմնովին նոր մանկապարտեզ

Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով բացվել է հիմնովին նոր մանկապարտեզ
Այսօր առավոտյան Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքի ավագանիների, բնակիչների հետ մասնակցեցի Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ՝  Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից։ 
Կրթօջախն այսօր 120 երեխաների առջև իր դռներն է բացել լուսավոր, գունավոր ու հարմարավետ խմբասենյակներով:
Երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են բոլոր հնարավոր և ժամանակակից պայմանները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 294 837 284 ՀՀ դրամ (որից 15 մլն լրացուցիչ աշխատանքներ՝ բակ, խաղասարքեր), որը ֆինանսավորվել է 30% համայնքային և 70% պետական բյուջեներից։
Հիմնանորոգմանը զուգահեռ մեկ այլ սուբվենցիոն ծրագրով էլ ընթացել է մանկապարտեզի համար նոր գույքի և սարքավորումների ձեռքբերման աշխատանքները:
Արդյունքում հիմնանորոգվել է շուրջ 30 տարի չգործող մանկապարտեզի շենքը` իրականացնելով սեյսմազինվածության ուժեղացում, տանիքի ապամոնտաժում և նորի կառուցում, ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անցկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում, ինչպես նաև ներքին հարդարման, բակային տարածքի բարեկարգման, խաղասարքերով և անհրաժեշտ գույքով կահավորման աշխատանքներ:
Իմ խոսքում շնորհավորեցի համայնքի բնակիչներին մանկապարտեզի բացման առիթով, ընդգծեցի, որ ամենը պետություն-համայնք արդյունավետ համագործակցության արդյունք է: ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր երեխաներն իրենց մանկությունն անցկացնեն հարմարավետ, բարեկեցիկ միջավայրում: Կարևորեցի այն հանգամանքը, որ մարզի բազմաթիվ բնակավայրերում «500 մանկապարտեզի կառուցման կամ հիմնանորոգման» ծրագրով հիմա էլ շարունակվում են կառուցվել կամ հիմնանորոգվել բազմաթիվ մանկապարտեզներ, որոնք ապահովելու են մարզի փոքրիկների նախադպրոցական որակյալ կրթությունը: