ՀՀ կառավարությունը հավանություն չտվեց ընդդիմադիր պատգամավորի օրինագծին

ՀՀ կառավարությունը հավանություն չտվեց ընդդիմադիր պատգամավորի օրինագծին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն չտվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նոր օրենքի նախագծին։
Օրինագիծը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսին 2–ին է ներկայացրել կառավարության քննարկմանը և խնդրել սահմանված կարգով դնել շրջանառության մեջ։
Նազարյանն իր հեղինակած օրինագծի մեջ նշել է, որ մինչ այժմ այս ոլորտի օրենսդրական կարգավորումների դաշտում կա մի պատկեր, երբ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության երաշխիքները և արտոնությունները տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով, կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով:
«Անհրաժեշտություն է առաջացել, որ այս ամենը մեկտեղվի մեկ օրենքում: Այս քայլով խորհրդարանը, կառավարությունն իր երախտիքը կհայտնի հայրենիքի համար կյանքը տված զինվորներին, զինվորականներին, նրանց ընտանիքի անդամներին»,– նշված է օրինագծի հիմնավորման մեջ:
Ըստ պատգամավորի` այս օրենքը ոչ այնքան նյութական և սոցիալական ապահովման խնդիր է լուծում, որքան շատ ավելի կարևոր մի հարց` պետության և հանրության վերաբերմունքը հայրենիքի համար կյանքը տված զինվորների, զինվորականների ընտանիքի անդամներին:
«Պատիվ ունեմ». զինվորի հոր, եղբոր զոհվելու դեպքում զորացրվելիս գանձում չի արվի.ՊՆ առաջարկը
ՀՀ կառավարությունն իր հիմնավորման մեջ նշել է, որ նախագծում առկա են խնդրահարույց կարգավորումներ: Օրինակ` նախագծին կից ներկայացված հիմնավորումից լիարժեք չի բացահայտվում օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
«Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնելու է չգնահատված պայմանական պարտավորություններ։ Ըստ այդմ` ՀՀ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից»,– նշված է գործադիր մարմնի հիմնավորման մեջ:
Oրենքի ընդունմամբ կառավարության ֆինանսական ծանրաբեռնվածությունը կամ չի ավելանա կամ կավելանա ոչ այն չափով, որը կարող է խնդիրներ առաջացնել պետության գործունեության համար: Ի պատասխան կառավարությունից հայտնել են, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:
Զոհվածների ընտանիքներում 6 ամսում 16 երեխա է ծնվել անպտղության հաղթահարման ծրագրով