Աղասի Թավադյան. Հայաստանը հարկում է ժամանակը

Ներկայացնում ենք տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծական հոդվածը Հայաստանի հարկային համակարգի վերաբերյալ։
Վերջին տարիներին Հայաստանի հարկային համակարգը զգալի փոփոխություններ է կրել: 2018 թվականից սկսած՝ հարկային մուտքերի աճը դարձել է կառավարության գործունեության հիմնական ցուցանիշներից մեկը: Սակայն այս մոտեցումը, որը սկզբնական շրջանում դրական արդյունքներ էր տալիս, այժմ սկսել է հանգեցնել մի շարք խնդիրների:
Հարկային մուտքերի միտումները (2018-2024)
2018 թվականից ի վեր Հայաստանի հարկային մուտքերը զգալի աճ են արձանագրել: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականի հունիսից մինչև 2024 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում հարկային մուտքերն աճել են 1208.97 միլիարդ դրամից մինչև 2306.05 միլիարդ դրամ, ինչը կազմում է 90.7% աճ: Սակայն նշենք, որ 2020 թվականին, համավարակի պատճառով, գրանցվեց 6.3% անկում: Չնայած այս անկմանը, 2018-2024 թվականների միջին տարեկան աճը կազմել է 15.7%, ինչը զգալիորեն բարձր է 2014-2017 թվականների 7.2% միջին աճից:
Այնուամենայնիվ վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս աճի տեմպը դանդաղում է: 2024 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային մուտքերն աճել են ընդամենը 6.4%-ով: Սա նշանակալի անկում է նախորդ տարիների երկնիշ աճի համեմատ: Այս միտումը բացատրվում է մի քանի գործոններով, որոնց կանդրադառնանք հաջորդ մասում:
Հարկատեսակների վերլուծություն
Հարկային մուտքերի ընդհանուր պատկերը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել առանձին հարկատեսակների դինամիկան: Երրորդ գծապատկերը ցույց է տալիս, որ տարբեր հարկատեսակներ տարբեր միտումներ են դրսևորում:
Անուղղակի հարկերի, մասնավորապես ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հավաքագրման տեմպերի նկատելի անկում է գրանցվել: Չնայած դեռևս առկա որոշակի աճին, հարկահավաքության աճի տեմպը նվազում է: Սա մտահոգիչ է, քանի որ անուղղակի հարկերը սովորաբար արտացոլում են տնտեսական ակտիվությունը և սպառումը:
Եկամտային հարկը դեռևս աճի միտում է ցուցաբերում, սակայն աճի տեմպը կայունացել է: Սա կարող է վկայել աշխատավարձերի աճի դանդաղման կամ աշխատատեղերի ստեղծման տեմպերի նվազման մասին:
Շահութահարկի անկումը ցույց է տալիս երկրում առկա հիմնական խնդիրները՝ մասնավորապես կապիտալի արտահոսքը։
Նշենք նաև, որ 2021-2022 թվականներին կիրառված հատուկ պղնձի հանքաքարի արտահանման տուրքը, որը երրորդ գծապատկերում երևում է երևում պետական տուրքի կտրուկ աճով և անկմամբ։ Սա թեև կարճաժամկետում ավելացրեց պետական բյուջեի մուտքերը, սակայն երկարաժամկետում կարող է բացասաբար անդրադառնալ ոլորտի զարգացման վրա:
2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիս Հայաստանը դարձել էր ռուսական ոսկու հիմնական տարանցման երկիրը: Ըստ տնտեսաաագետի գնահատկանի՝ 2024 թվականի առաջին 3 ամիսների կտրվածով Ռուսատանից ոսկու արտահանման 88.4% անցնում էր Հայաստանով: Այս ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր արտահանման 76%-ը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները:
Կառավարության հարկային քաղաքականությունը և դրա հետևանքները
Կառավարության՝ հարկահավաքությունը որպես հիմնական արդյունավետության ցուցանիշ (KPI) դիտարկելու մոտեցումը սկզբնապես դրական արդյունքներ է տվել: Այս մեթոդը աշխատում էր 2018, 2019 և 2020 թվականին, երբ բավականին մեծ քանակությամբ կազմակերպություններ դուրս եկան ստվերից և սկսեցին վճարել եկամտահարկ:
Սակայն, այժմ այս մոտեցումը սկսել է հանգեցնել անցանկալի հետևանքների: Կառավարությունը, ձգտելով ապահովել հարկային մուտքերի շարունակական աճ, դիմում է նոր հարկատեսակների ներդրման կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացման:
Օրինակ՝ քննարկվում է հիփոթեքային վարկերից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը կրկին հարկելու հնարավորությունը:
Բացի այդ, 2025 թվականից շրջանառության հարկը 5-ից դառնալու է 10 տոկոս, իսկ ՏՏ ոլորտին տրամադրված հարկային արտոնությունները աստիճանաբար վերացվում են: ՏՏ ոլորտի զարգացումը խրախուսելու նպատակով տրամադրված հարկային արտոնությունների մի մասը 2024 թվականի սկզբին էր դուրս եկել, իսկ մյուս մասն էլ դուրս կգա 2025-ի սկզբին։
Այս մոտեցումը, սակայն, կարող է հակառակ արդյունք տալ: Տնտեսագիտության մեջ հայտնի Լաֆֆերի կորի գաղափարը ցույց է տալիս, որ հարկային բեռի շարունակական ավելացումը որոշակի կետից հետո կարող է հանգեցնել հարկային մուտքերի նվազման: Սա կարող է տեղի ունենալ, քանի որ բարձր հարկերը կարող են խթանել ստվերային տնտեսությունը կամ նվազեցնել տնտեսական ակտիվությունը:
Եզրակացություն
Ներկայիս հարկային քաղաքականությունը զգալի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Կապիտալի արտահոսքը և ներդրումների կրճատումը մեծ մարտահրավեր են հանդիսանում երկրի տնտեսական աճի համար: