Ինչպիսի՞ն են ԱՄՀ կանխատեսումները՝ «ալեկոծվող» Մերձավոր Արևելքի երկրների տնտեսությունների մասով

Մինչ աշխարհը «շունչը պահած» սպասում է Մերձավոր Արևելքում հերթական պայթունավտանգ իրավիճակի զարգացմանը, Արժույթի միջազգային հիմնադրամը տարածաշրջանի երկրների տնտեսական աճերի հեռանկարների մասով արել է իր կանխատեսումները։
Կանխատեսումներում ներառված չեն 3 երկիր՝ Սիրիան, Լիբանանը և Պաղեստինը։ Երեք երկրներում էլ տնտեսությունը հավասարեցված է հողին և որևէ բարելավում ներկայիս առճակատման իրավիճակում չի կանխատեսվում։
Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2024 թ․ առավելագույն տնտեսական աճ արձանագրվելու է
- Բահրեյնում՝ 3․57%,
- ԱՄԷ-ում՝ 3․1%,
- Թուրքիայում՝ 3․1%։
Նվազագույն աճերով աչքի են ընկնում Օմանը՝ 1․19%, և Իրաքը՝ 1․38%։ 2024թ․ խոր անկում դիտվելու է Սուդանում՝ -4․2%։
2025թ․ համար կատարված կանխատեսումներում բոլոր երկրներում աճեր են դիտվելու, սակայն, մեր խորին համոզմամբ, այս աճերը խիստ փխրուն են երևում ներկայիս չափազանց անկայուն իրավիճակում։
Այդուհանդերձ, փաստենք, որ առավելագույն աճեր 2025թ․ դիտվելու են.
- Սաուդյան Արաբիայում՝ 5․97%,
- Իսրայելում՝ 5․4%,
- Սուդանում՝ 5․4%,
- Իրաքում՝ 5․31%։
Կարևոր է նաև ուշադրություն դարձնել տնտեսության աճի կայունությանը։ Այս մասով 2023, 2024 և 2025թթ. կանխատեսումներով տնտեսական աճի կայուն տեմպեր արձանագրվել են Կիպրոսում, Հորդանանում և Քաթարում։ Վերջիններիս մասով տրված տնտեսական աճի կանխատեսումները նշված երեք տարիներում տատանվել են համապատասխանաբար՝ 2․68%-ի, 2․73%-ի և 1․85%-ի շրջաակայքում։
Այսպիսով, հարկ ենք համարում նշել, որ Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի պահպանումը կասկածի տակ է դնում վերոնշյալ կանխատեսումների պահպանումը։ Ավելին, տարածաշրջանից եկող բացասական ազդակները կարող են ազդել նաև Հարավային Կովկասում տնտեսական իրավիճակի վրա։
Ավելին` banksnews.am