Գերմանիայում 2025-ի համար կանխատեսել են մոտ 5 միլիարդ եվրոյի չափով բյուջեի դեֆիցիտ

Գերմանիայում 2025-ի համար կանխատեսել են մոտ 5 միլիարդ եվրոյի չափով բյուջեի դեֆիցիտ

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն ասել է, որ 2025-ի համար դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմում է մոտ 5 միլիարդ եվրո, սակայն, նրա կարծիքով, դեռ շատ ժամանակ կա կենսունակ լուծում գտնելու համար:

Նախարարը մտադիր է մինչև ամսվա կես բանակցություններ վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի հետ, որից հետո բյուջեի նախագիծը կուղղվի Բունդեսթագ, որտեղ պետք է ընդունվի նոյեմբերի վերջին:

Հուլիսի 17-ին Նախարարների կաբինետը հավանություն է տվել Գերմանիայի 2025 -ի բյուջեի նախագծին, որի հաստատումը իշխող կոալիցիայում նախատեսվածից ավելի երկար է տևել և ուղեկցվել է քաղաքական գործիչների միջև հրապարակային վեճերով և որոշ պատգամավորների՝ կառավարությանն աջակցելը դադարեցնելու սպառնալիքներով:

Բյուջեն կկազմի 481 միլիարդ եվրո: Ուկրաինային ռազմական աջակցության համար կհատկացվի 4 միլիարդ եվրո, ինչը երկու անգամ պակաս է 2024-ի նախանշված օգնությունից: Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը բազմիցս քննադատել է համաձայնեցված բյուջեի նախագծի շրջանակներում զինված ուժերի ծախսերի անբավարար ավելացումը:

Սակայն ֆինանսների նախարարն արդեն կասկածներ է հայտնել մի քանի նախագծերի վերաբերյալ և հանձնարարել դրանք ուսումնասիրել սահմանադրական և տնտեսական տեսանկյունից: Աուդիտը բացահայտել է իրավական ռիսկերը, հատկապես՝ KfW պետական ​​բանկային խմբի կողմից հատկացված մնացած 4.9 միլիարդ եվրոյի օգտագործման առումով՝ բյուջեի այլ մասերում գազի գները սահմանափակելու համար:

«Ես բյուջե եմ ուզում սահմանադրության շրջանակներում»,- ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարը և որպես առաջիկա բանակցությունների կարմիր գիծ նախանշել «աշխատավոր միջին խավի համար հարկերի ավելացումը»: Խոսքը ոչ թե խնայողության, այլ անհրաժեշտ նպատակների համար միջոցների վերաբաշխման մասին է:

Աղբյուրը՝     b24.am