ԱՄՀ ղեկավարը խոսել է աշխարհում սովի կանխարգելման ուղիների մասին

ԱՄՀ ղեկավարը խոսել է աշխարհում սովի կանխարգելման ուղիների մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան մատնանշել է այն հիմնական քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն աշխարհի տարբեր ծայրերում զանգվածային սովի սպառնալիքը կանխելու համար։ Խոսքը գնում է պարենային ապրանքների արտահանման սահմանափակումների վերացման եւ աղքատ երկրներին ֆինանսական օգնության տրամադրման մասին։

«Նախ, մենք պետք է հակազդենք պարենի արտահանման սահմանափակումներին, որոնք արդեն ներդրել են գրեթե 30 երկրներ»,- ասել է Գեորգիեւան գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում։ Այնուհետեւ, ըստ նրա, հարկավոր է ավելի արդյունավետ օգտագործել եղած պարենային ապրանքները։ «Եվ, վերջապես, մենք պետք է աղքատ երկրներին տրամադրենք ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ են մատակարարումներն ապահովելու համար»,- ընդգծել է ԱՄՀ ղեկավարը։

Միաժամանակ, նա պարզաբանել է, որ անհրաժեշտ է միջազգային հանրության արագ արձագանքը՝ կանխելու համար զանգվածային սովը հատկապես կարիքավոր երկրներում, որոնք կախված են պարենային ապրանքների համաշխարհային շուկայից, որտեղ սննդամթերքի գները կտրուկ աճել են։ «Մենք պետք է օգնենք նման պետություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել մատակարարումներն իրենց ժողովրդի համար։ Մեզ անհրաժեշտ է արագ միջազգային արձագանք, որպեսզի մարդիկ սոված չմնան»,- հայտարարել է Գեորգիեւան։

Կրիստալինա Գեորգիեւան նաեւ նշել է, որ «պարենային ապրանքների գների պատճառով գրեթե 30 երկրներ վճարային հաշվեկշռի լուրջ խնդիրներ ունեն, եւ նրանցից ոմանք դիմել են ԱՄՀ-ին աջակցություն ստանալու նպատակով»։ «Մենք նրանց օգնում ենք աղքատ երկրների համար ստեղծված տրաստային հատուկ հիմնադրամի միջոցով, որը գործում է զրոյական տոկոսադրույքով»,- ասել է Գեորգիեւան՝ հավելելով, որ ԱՄՀ-ն «նաեւ շատ ուշադիր ուսումնասիրում է, թե ինչ կարող են անել միջազգային կազմակերպությունները սննդամթերքի արտադրության արդյունավետությունը բարելավելու համար»: «Պետք է ավելացնել մատակարարումները»,- եզրափակել է ԱՄՀ ղեկավարը։

Աղբյուրը՝  banks.am