Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ մասնակցել է Սննդի տարածաշրջանային 2-րդ ցուցահանդեսին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ մասնակցել է Սննդի տարածաշրջանային 2-րդ ցուցահանդեսին

Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի հրավերով՝ ս. թ. օգոստոսի 2-3-ը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունն առաջին անգամ մասնակցել է Սննդի տարածաշրջանային 2-րդ էքսպոյին, որի շրջանակներում ներկայացվել են Հայաստանից ներկրվող հայկական սուրճն ու գարեջուրը: Այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։

ՀՀ դեսպանության տաղավարում նաև կազմակերպվել է հայկական լավաշի, չրերի, շոկոլադի և թեյերի հյուրասիրություն, ցուցադրվել են հայկական արտադրողների և ապրանքների մասին պատմող տեսահոլովակներ:

Միջոցառումը, որին իրենց մասնակցությունն են բերել տեղական և տարածաշրջանային մի շարք խոշորագույն արտադրողներ, անցկացվել է Սննդամթերքի մեծածախ առևտրի խոշորագույն կենտրոնում՝UAM-ում: Հայաստանի տաղավարն ունեցել է մեծաթիվ այցելուներ, որոնց թվում էին նաև Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոն, Կանելոնեսի քաղաքապետ Մարսելո Մետեդիերան և այլ պաշտոնյաներ:

Միջոցառմանը բացման ելույթներով են հանդես եկել UAM-ի նախագահ Դանիել Գարինը, Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոն, Ուրուգվայում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Գոնսալո Կմաիդը: Վերջիններս իրենց ելույթներում ողջունել են ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և շնորհակալություն հայտնել տարածաշրջանային այս էքսպոյին առաջին անգամ Հայաստանի մասնակցության համար, իսկ Գոնսալո Կմաիդը անդրադարձել է նաև հայկական խոհանոցի առանձնահատկություններին՝ ընդգծելով, որ հայկական լավաշը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է կազմում:

Բացման արարողության շրջանակներում դեսպան Գևորգյանը մի շարք հարցազրույցներ է տվել տեղական լրատվամիջոցներին՝ կարևորելով Ուրուգվայում հայկական ապրանքների և հարուստ խոհարարական ավանդույթների ներկայացումը: