Գեղարքունիքի մարզպետը հետևել է Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի շինարարությանը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Մարզպետին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
Կարեն Սարգսյանը շրջեց հիմնանորոգվող ճանապարհի շինարարությունում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, զրուցեց շինարարների հետ՝ նկատված թերությունների շուրջ անելով դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարարականներ։
Մ-14-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգումն ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեի միջոցներով։
Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է։
Ճանապարհի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։
Ծրագրով նախատեսված է Փոքր Մասրիկ-Նորակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 2100 գծամետր երկարությամբ և շուրջ 13600 քառակուսի մետր մակերեսով։
Նախատեսված է իրականացնել հիմքի, ջրահեռացման համակարգերի, մայթերի կառուցման, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։
Շինարարական աշխատանքներն այստեղ իրականացված են շուրջ 65 տոկոսով և ավարտի կհասցվեն 2024 թվականի սեպտեմբերին։