Մանրամասներ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12 տոկոս հետվճարի ծրագրի վերաբերյալ
Սեպտեմբերի 1-ից կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի) դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։
Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած ՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12 % հետվճարի ծրագրի վերաբերյալ հարց ու պատասխանի մեջ:
Անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում երբվանի՞ց կարելի է ստանալ 12 % հետվճար
Սեպտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակի կամ նպաստի բանկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում հոկտեմբեր ամսին կստանաք կատարած գործարքների ծավալի 12 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը։
Եթե օգոստոս ամսին կենսաթոշակը տնօրինվել է անկանխիկ՝ կատարելով շուրջ 60,000 դրամ հանրագումարով անկանխիկ գործարք։ Այս դեպքում որքա՞ն կկազմի հետվճարի չափը
Տվյալ դեպքում՝ սեպտեմբեր ամսին Ձեզ տրվող հետվճարի չափը կկազմի 5000 դրամ։ Եթե նույն ծավալի անկանխիկ վճարումներ կատարեք սեպտեմբեր ամսվա ընթացքում, ապա հոկտեմբեր ամսին արդեն կստանաք մինչև 6000 դրամ հետվճար։
Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից արդյոք հետվճար կհաշվարկվի
Սեպտեմբերի 1-ից կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի) ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսի ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։
Եթե օգոստոս ամսվա ընթացքում կոմունալ ծառայությունների դիմաց վճարվել է անկանխիկ եղանակով, սեպտեմբեր ամսին հետվճար կստանա՞ն
Այո՛, այն քաղաքացիներն, ովքեր օգոստոս ամսվա ընթացքում կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացրել են անկանխիկ եղանակով, սեպտեմբեր ամսին կստանան հետվճար։ Սակայն արդեն հոկտեմբեր ամսից այս ուղղությամբ հետվճար չի ձևավորվի։
Ո՞ր բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ բանկերի քարտապանները՝
- «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ
- «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
- «ԱյԴի բանկ» ՓԲԸ
- «Արարատբանկ» ԲԲԸ
- «Արդշինբանկ» ՓԲԸ
- «Արցախ բանկ» ՓԲԸ
- «Էվոկաբանկ» ՓԲԸ
- «Ինեկոբանկ» ՓԲԸ
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ
- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
- «Յունիբանկ» ԲԲԸ
Հետվճար կլինի՞, եթե մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի քարտով անկանխիկ վճարումներ կատարեն
Այո՛, միաժամանակ տեղեկացնում ենք, որ հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝
- ընտանեկան նպաստ,
- սոցիալական նպաստ,
- ծերության նպաստ,
- հաշմանդամության նպաստ,
- կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
- մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
- երրորդ և հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,
- պատվովճար,
- պարգևավճար։
Ծրագրին միանալու և հետվճար ստանալու համար արդյոք անհրաժեշտ է որևէ տեղ դիմում ներկայացնել
Ո՛չ, որևէ տեղ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Կենսաթոշակի կամ նպաստի անկանխիկ տնօրինման դեպքում՝ հետվճարը կձևավորվի և կփոխանցվի ինքնաշխատ եղանակով։
Տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ գործարքներից գոյացած հետվճարը ե՞րբ կվճարվի
Տվյալ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների դեպքում հետվճարը կտրամադրվի մինչև հաջորդ ամսվա 25-ը։
Մեկից ավելի կենսաթոշակի կամ նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ինչպե՞ս է ձևավորվում հետվճարը
Տվյալ ամսում մեկից ավելի կենսաթոշակի կամ նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քարտերում ձևավորված ընդհանուր գումարից հաշվարկվում է հետվճարի չափը, որը չի կարող գերազանցել 6000 դրամը: Հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկված հետվճարի գումարն առավելագույնն է:
Հետվճարի ծրագրից արդյոք կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Այո՛, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ստանում են կենսաթոշակ կամ նպաստ, ապա անկանխիկ վճարումների դեպքում կարող են ստանալ հետվճար՝ նույն ընթացակարգով։