ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել Շառլ Ազնավուրին և Երվանդ Քոչարին նվիրված արծաթե հուշադրամներ
ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի օգոստոսի 15-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ից։
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
Դիմերես՝ Շառլ Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին: Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դրոշների միաձուլվող պատկեր:
Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 1000 հատ
Թողարկման տարեթիվը 2024
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
Դիմերես՝ Երվանդ Քոչարի «Մելինեի դիմանկարը» գեղանկարը (1930 թ.) և «Էրեբունի-Երևան» տարածանկարը (1968 թ.):
Դարձերես՝ Երվանդ Քոչարի դիմապատկերը, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից (1962 թ.) և «Մելամաղձություն» քանդակը (1959 թ.):
Էսքիզների հեղինակ՝ Կարեն Մելիքյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 28,28 գ
Չափը 28,0 x 40,0 մմ
Որակը լավացված
Դրամաշուրթը հարթ
Թողարկման քանակը 500 հատ
Թողարկման տարեթիվը 2024
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: