Կոռուպցիոն հանցագործությունների քրվարույթով պարզված՝ պատճառված գույքային վնասը 7.446.326.000 դրամ է

Կոռուպցիոն հանցագործությունների քրվարույթով պարզված՝ պատճառված գույքային վնասը 7.446.326.000 դրամ է

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության արդյունքները։

Հիշեցնենք, որ չնայած կոռուպցիոն հանցագործությունները, քննչական ենթակայության կարգով, քննվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.003 քրեական վարույթ, որը  46-ով կամ 4,3%-ով քիչ է 2023թ. առաջին կիսամյակի համեմատ։   

Նշված 1.003 քրեական վարույթից 32-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 60 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան, 132-ը կարճվել  է, որից 104-ը՝  ռեաբիլիտացնող, իսկ 28-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 90 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 112-ն ուղարկվել  է  այլ մարմին, 37 վարույթ միացվել է, իսկ 600 վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Քննվող վարույթները վերաբերել են մասնավորապես՝

  • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակա  գույքը հանցավոր տարբեր սխեմաներով վարձակալության տալուն կամ օտարելուն, հողամասերի ինքնակամ զավթմանը,
  • ուսումնական, բժշկական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտներ հատկացնելու,  կամ չկատարված ծախսերի, պետական պատվերի շրջանակներում չմատուցված ծառայությունների պայմաններում հավելագրումների եղանակով միջոցներ հափշտակելուն,
  • առանձին հիմնարկներում ծառայությունների մատուցման գնման պայմանագրերով նախատեսված աշխատանքները չկատարված կամ թերի կատարված լինելու պայմաններում ամբողջ գումարմները փոխանցելով վատնում կատարելուն,
  • ծառայության ձեռք բերման մրցույթների ընթացքում մրցույթի մասնակիցների միջև արհեստականորեն, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, անհավասար պայմաններ ստեղծելուն,
  • առանձին համայնքներում քաղաքացիներից հավաքագրվող վարձավճարները, պաշտոնեական անփութության արդյունքում չմուտքագրելուն և հափշտակությանը,
  • ուսումնական, պետական, համայնքային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն,
  • պետական ոլորտային աջակցության ծրագրերի շրջանակներում չարաշահումներին,
  • փողերի լվացմանը և այլն։

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է 7.446.326.000 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 675.420.000 ՀՀ դրամը։ Վերականգնվածից 657.630.000 ՀՀ դրամը եղել է պետությանը պատճառված վնասը, 9.798.000 դրամը՝ համայնքներին, 4.000.000 ՀՀ դրամը՝ իրավաբանական, իսկ 3.992.000 ՀՀ դրամը՝ ֆիզիկական անձանց պատճառված վնասը։

Ընդ որում՝ 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործություններով վնասի վերականգնման ցուցանիշը ավելի քան 4 անգամ գերազանցում է 2023թ. նույն ժամանակահատվածի արդյունքները՝ (156.126.000 ՀՀ դրամ)։

Քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասի վերականգնումը ևս ապահովելու ուղղությամբ։