Bloomberg. Apple-ը կսկսի iPhone-ի ամենաթանկ մոդելների արտադրությունը Հնդկաստանում

Bloomberg. Apple-ը կսկսի iPhone-ի ամենաթանկ մոդելների արտադրությունը Հնդկաստանում

Apple-ը iPhone-ի ամենաթանկ մոդելները՝ Pro և Pro Max, այս տարի առաջին անգամ կարտադրի Հնդկաստանում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ընկերության հիմնական գործընկերը՝ թայվանական Foxconn Technology Group-ը կսկսի սմարթֆոնների հավաքումը Հնդկաստանում «շաբաթների ընթացքում» այն բանից հետո, երբ Apple-ը դրանք կներկայացնի աշնանը: Foxconn-ն արդեն սկսել է մի քանի հազար աշխատակիցների վերապատրաստել Հնդկաստանում գտնվող իր գործարանում՝ iPhone 16 Pro և Pro Max առաջին մոդելները պաշտոնական թողարկմանը «որքան հնարավոր է մոտ» արտադրելու: Բացի այդ, գործակալության աղբյուրները նշում են, որ ապագայում այս երկրում Apple սմարթֆոնների հավաքմանը կարող են միանալ ընկերության այլ գործընկերներ՝ թայվանական Pegatron-ի և հնդկական Tata Group-ի տեղական ստորաբաժանումը:

Ինչպես նշում է գործակալությունը, Հնդկաստանում iPhone-ի հավաքման մեկնարկը լուրջ քայլ կլինի այս երկրում Apple-ի առաջխաղացման համատեքստում, որը սկսվել է 2021 թվականին՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի քաղաքականության շնորհիվ, որն ուղղված է բարձր տեխնոլոգիաների արտադրության զարգացմանը: Այսօր ամերիկյան տեխնոլոգիական հսկան շարունակում է արտադրել իր սմարթֆոնների մեծ մասը Չինաստանում, սակայն ձգտում է դիվերսիֆիկացնել արտադրությունը՝ Պեկինի և Վաշինգտոնի միջև լարվածության ֆոնին:

Bloomberg-ը հիշեցնում է, որ անցած ֆինանսական տարվա ընթացքում Apple-ը Հնդկաստանում արտադրել է iPhone սմարթֆոններ՝ ընդհանուր 14 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը կազմում է իր ընդհանուր արտադրության մոտ 14%-ը:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ ակնկալվում է, որ 2024 թվականին այս երկրում հավաքված iPhone 16-ը ամբողջ աշխարհում վաճառքի կհանվի ընկերության մնացած նոր սմարթֆոնների հետ միաժամանակ:

Աղբյուրը`   b24.am