Գյուտարար-գիտնականները Շիրակի մարզպետին ներկայացրել են էներգաարդյունավետ շինանյութերի արտադրության բնագավառում համատեղ իրականացված հետազոտությունները

Գյուտարար-գիտնականները Շիրակի մարզպետին ներկայացրել են էներգաարդյունավետ շինանյութերի արտադրության բնագավառում համատեղ իրականացված հետազոտությունները
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն օգոստոսի 23–ին աշխատակազմի պատասխանատուների հետ հյուրընկալել է գիտնականներ Վռամ Խաչատրյանին, Խաչատուր Բալոյանին և Շիրազ Մելիքսեթյանին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Գյուտարար-գիտնականները մարզպետին են ներկայացրել էներգաարդյունավետ շինանյութերի արտադրության բնագավառում համատեղ իրականացված հետազոտությունները։
Շուրջ 50 գյուտերի հեղինակ Վռամ Խաչատրյանի հավաստմամբ հետազոտությունները տևել են մի քանի տարի, խոսքը բնակարանաշինության էներգաարդյունավետության բարձրացմանը միտված հայտնագործության մասին է և եթե հետազոտությունը կյանքի կոչվի և առարկայանա, ապա հնարավոր կլինի տվյալ շինանյութերով, որոնց հումքն, ի դեպ, 90 տոկոսով հայկական կլինի, այնպիսի տներ կառուցել, որոնք ջեռուցման տեսանկյունից ծախսեր գրեթե չեն պահանջի, կլինեն առավելագույնս սեյսմակայուն, մատչելի և էկոլոգիապես մաքուր։
Կարևորելով մեր երկրում էներգաարդյունավետ շենքերի նախագծման ու շինարարության գործընթացի ակտիվացումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ այս հարցում կա նաև պետական հոգածություն ու մոտեցում, ինչը շատ կարևոր է։ Պետական աջակցությամբ մշակվել է ջերմամեկուսիչ շինարարական նյութերի տվյալների շտեմարան․ «Շատ կարևոր նախաձեռնության մասին եք խոսում, անչափ գնահատելի է, երբ գիտական միտքը նորարարական մոտեցումներին է ծառայում և արդյունքում հնարավոր կլինի ունենալ նոր ձեռքբերումներ։ Հնարավորությունների սահմանում կփորձեմ ձեզ սատար կանգնել և ուրախ կլինեմ, որ այս նախաձեռնության մեկնարկը տրվի Շիրակից, ինչպես գիտեք, մեր մարզն ամենացուրտն է և էներգաարդյունավետության բարձրացմանը միտված բոլոր ձեռնարկները մեզ համար կարևոր են»։
Գյուտարար-գիտնական Վռամ Խաչատրյանը մարզպետին է ներկայացրել նաև միջուկային ռադիոակտիվ թափոնների վնասազերծման տեխնոլոգիական՝ իր կողմից մշակված նորարարական ծրագիրը, որն արդեն բավական ճանապարհ է անցել՝ միջազգային գիտական ֆորումներից մինչև ՄԱԳԱՏԷ-ի դրական արձագանքները։
Վռամ Խաչատրյանը մշակել և Հայաստանի ատոմակայանում կիսաարտադրական փորձարկումների է ենթարկել ռադիոակտիվ թափոնների վնասազերծման համար մի տեխնոլոգիա, որն աշխարհում նմանօրինակ չունի՝ աննշան ծախսատարության, երկրագնդի վրա ամենուրեք կիրառելու հնարավորության ու հուսալիության տեսակետից։