Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 20 մլրդ 424.5 մլն ԱՄՆ դոլարի

2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ճշտված տվյալների համաձայն՝ 95 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 20 մլրդ 424.5 մլն ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Հուլիսին՝ ամռան առաջին ամսվա համեմատ այն կրճատվել է 1.9 տոկոսով: Նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 35.3 տոկոսի աճ: 2024 թվականի հուլիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 995.6 մլն դոլար:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանումը 2.2 անգամ գերազանցել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 8 մլրդ 738.7 մլն դոլար: Հունիսի համեմատ հուլիսին արտահանման ծավալը կրճատվել է 5.7 տոկոսով՝ կազմելով 811.6 մլն դոլար: Նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 42.8 տոկոսի աճ:
Ներմուծումն ընթացիկ տարվա 7 ամիսներին 79.1 տոկոսով գերազանցել է 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 11 մլրդ 685.8 մլն դոլար: Հուլիսին՝ հունիսի համեմատ գրանցվել է 0.8 տոկոսի աճ, իսկ ներմուծվել է 1 մլրդ 184 մլն դոլարի ապրանք: Նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը գերազանցվել է 30.7 տոկոսով:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ԱՄՆ-ի 1 դոլարը փոխանակվել է միջինում 394.94, իսկ հուլիսին՝ 388.07 ՀՀ դրամով: