Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Կիմա Իսպիրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (ք Երևան, Տիտոգրադյան փ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝ 
- սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, միջատների դեմ պայքարը, 
- կառույցը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և (կամ) ախտահանում, 
- ապահովված չի եղել բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխանակությամբ։ Սանհանգույցի դուռը անմիջապես բացվում էր սննդամթերքի  մշակման սենյակի մեջ, 
- սննդի կառույցը ապահովված չի եղել  ձեռքերի լվացման համար նախատեսված,  հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով`  ապահովված չի եղել տաք ջրով,
- ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել  առանձին և իրարից հնարավորինս հեռավորության վրա, 
- ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, 
- կառույցըապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով, 
- սննդի կառույցի պատերը, առաստաղը, դռները և պատուհանները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։