Ե՞րբ կվերանան հոսանքի պարբերական անջատումները

Ե՞րբ կվերանան հոսանքի պարբերական անջատումները

Հանրային ծառայություները կարգավորող հաձնաժողովը 20 մլն դրամով տուգանել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը։ Վարույթը հարուցվել է քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա։

«Ռադիոլուրը» նույնպես պարբերաբար դժգոհություններ է ստացել արդեն մշտական դարձած անջատումների վերաբերյալ։ Ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենը թեև չի կիսել դիտարկումը, որ վերջին շրջանում  հոսանքի անջատումները մշտական  են դարձել, բայց նաև հվստահեցրել է՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, սեպտեմբերին արդեն խնդիրը լուծված կլինի։

Վերջին մի քանի ամիսներին Երևանի Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջաններում հատկապես, մյուսներում էլ՝ ժամանակ առ ժամանակ, սովորական են դարձել հովհարային անջատումները։

«Ռադիոլուրի» զրուցակիցն ընդգծում է՝ «Վերջերս կենտրոնի բնակիչների համար հոսանքի անջատումը դարձել են սովորական։ Հոսանքն անջատում են, ու ընկնում ես անորոշության մեջ, քանի որ այդ պահից էլ դադարում է գոյություն ունենալ թեժ գիծ կոչվածը։ Գոնե վերցնեն, ինչ որ բան ասեն։ Բայց ոչ։ Այդ ընթացքում, մինչև միացնում են, սառնարանի մթերքն է փչանում, բացի այդ, փորձարկումների ժամանակ էլ անընդհատ միացնում, անջատում են, հարվածի տակ է ընկնում կենցաղային տեխնիկան»։

Կենտրոն վարչական շրջանի այս բնակիչը ՀԾԿՀ չի դիմել, նրա փոխարեն դիմումներ են ստացվել վարչական տարբեր շրջանների բնակիչներից։ Դժոգոհության պատճառը նույնն է՝ հոսանքի ընդհատումներ 4 ժամից ավելի։ Օրենսդրական կարգավորումներով եթե էլեկտրաէներգիայի անջատումը 4 ժամից ավելի է, ապա ընկերությունը պետք է տույժ վճարի բաժանորդին, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։

Հանձնաժողովին ՀԷՑ-ից պատասխանել են, որ էլեկտրաէներգիայի նման անջատումներ տեղի չեն ունեցել։ Բնակիչներից մեկը կրկին պնդել է իր բողոքը։ Երկրորդ գրությամբ պնդումները կրկին ՀԷՑ-ին են ուղարկվել։

ՀԾԿՀ ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է․ «Ընկերությունը հավելել է, որ սույն թվականի մարտի 19-ին շատ վթարներ լինելու պատճառով, ընկերության ավագ կարգավարը շփոթվել է, ու արձանագրել է 2024թ մարտի 20-ին 00-ից մինչև 01․20»։ 

Մեկ այլ գրեթե նմանատիպ դիմում էլ հանձնաժողովը Հրազդանից է ստացել և որոշել ՀԷՑ-ին տուգանել 20 մլն դրամով։ Օրեսնդրությամբ սահմանված կարգով Հայաստանի էլեկտրական ցանցերը կարող է բողոքարկել տուգանքը, արդյո՞ք պատրաստվում են օգտվել այդ իրավունքից՝ «Ռադիոլուրի» հարցին ՀԷՑ-ի էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանն է պատասխանում․

«Բողոքարկել չենք պատրաստվում։ Դիտարկումները ներկայացրեցինք, ասացին, որք այդ երկու դեպքերը հատուկ բնույթ կամ մեր կողմից պարբերական բնույթ չեն կրում։ Մեր համակարգում նաև կան որոշակի թերություններ։ Հիմնական խնդիրն այն էր, որ վթարը տեղի էր ունեցել ոչ թե մեր ենթակայնների սնուցման հոսանքագծերի հոսանքազրկման հետ, այլ մեր բաժանորդների անջատիչներն էին վթարվել։ Մեկ միլիոն բաժանորդ ունենք, նրանց ներքին անջատիչներին հետևելը բարդ ու դժվար աշխատանք է»։

 «Երևանի ՀԷԿ 1»-ում օգոստոսի 22-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքներով Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում հաճախակի են դարձել էլեկտրամատակարարաման  անջատումները։ ՀԷՑ-ի պարզաբանմամբ` քանի որ Երևանի ՀԷԿ-ից է սնվում մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի շուրջ 30 և Արաբկիրի շուրջ 20 տոկոսը, այս պահին բեռը տեղաբաշխվել է ՀԷՑ-ի այլ ենթակայանների միջև։

«Երևան ՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։ Այդ բեռը տեղաբաշխվել է ընկերության այլ ենթակայանների միջև, ու էլեկտրասնուցումն ապահովվում է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ Մինչդեռ սովորական պայմաններում պահուստային մալուխները ծառայում են հիմնական մալուխների փոխարինման համար: Այսինքն, եթե սովորական պայմաններում վթարի դեպքում մինչև հիմնական մալուխների նորոգումը դրանք փոխարինվում էին պահուստայինով, այժմ, չունենալով պահուստային սնուցում, բաժանորդները հոսանքազրկվում են, ինչպես նաև վթարների վերացման ժամկետները նախատեսվածից ավելի են տևում»։

Հանձնաժողովից հայտնում են, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին։ Մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսում չպետք է գերազանցի՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար՝ 10 ընդհատումը. գյուղական համայնքներում ՝ 15 ընդհատումը: ­

Նշված չափաքանակները գերազանցելու դեպքում սպառողին կվճարվի փոխհատուցում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։ Բացի դրանից՝  գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն, բաշխողը կվճարի տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։

Ըստ նոր կարգավորումների՝ վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Հանձնաժողովում վստահ են՝ պատասխանատվության միջոցների շարունակական խստացումը դրական արդյունք կունենա։

Հասմիկ Դիլանյան

Աղբյուրը՝  hy.armradio.am