Telegram-ի դեմ «տեխնիկական հետաքննություն» է սկսվել․ FT

Telegram-ի դեմ «տեխնիկական հետաքննություն» է սկսվել․ FT

Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռեգնիերը հայտարարել է, որ Telegram-ի դեմ «տեխնիկական հետաքննություն» է սկսվել։ Այս մասին գրում է Financial Times-ը (FT): Փետրվարին ծառայության ադմինիստրացիան հայտնել էր, որ ԵՄ-ում 41 միլիոն ակտիվ օգտատեր կա: Սա թույլ չի տվել սոցիալական ցանցին դասակարգել որպես շատ մեծ առցանց հարթակ (VLOP): Օգոստոսին տվյալները պետք է հստակեցվեին, սակայն Telegram-ը միայն հայտնել է, որ այն «էականորեն ավելի քիչ» է, քան 45 միլիոն օգտատերերի օրինական շեմը։


Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ ունի այդ տվյալները ինքնուրույն ստուգելու միջոցներ, և եթե պարզվի, որ այդ ցուցանիշն ավելի բարձր է, մեսենջերը միակողմանի կներառվի VLOP ցուցակում։ Այս կարգավիճակը ենթադրում է համապատասխանության և բովանդակության վերահսկման ավելի խիստ պարտավորություններ, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարում, ինչպես նաև ենթադրում է տվյալների պարտադիր փոխանակում Եվրոպական հանձնաժողովի հետ։


«DSA-ն գրաքննության համար չէ: Միակ բանը, որ մենք պահանջում ենք հարթակներից, անօրինական բովանդակության հեռացումն է հենց օգտատերերը ծանուցեն հարթակին: DSA-ն չի նշում, թե որն է անօրինական: Սա սահմանված է ազգային և միջազգային օրենսդրությամբ», - պարզաբանել է Ռենյեն:


Telegram-ը ժողովրդականություն է ձեռք բերել վերջին տարիներին՝ գաղտնագրված հաղորդագրությունների ծառայություններ մատուցող մեսենջերից վերածվելով սոցիալական ցանցի և հեռարձակման հարթակի: Ընկերությունը պնդում է, որ ծառայության լսարանը մոտենում է 1 միլիարդի ամբողջ աշխարհում:


Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը 5 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Նրան կասկածում են Telegram հարթակի կառավարման հարցում անգործության համար՝ կապված դրա միջոցով իրականացվող ֆինանսական և կիբեռհանցագործությունների հետ:


Աղբյուրը`   auroranews.am