Կան ձախողումներ, որոնց առիթով ընթանում են ուսումնասիրություններ. վարչապետը՝ ANIF-ի լուծարման մասին

Կան ձախողումներ, որոնց առիթով ընթանում են ուսումնասիրություններ. վարչապետը՝ ANIF-ի լուծարման մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) հետ կապված եղել են ձախողումներ, որոնց առիթով այժմ ուսումնասիրություններ են ընթանում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ANIF-ի լուծարմանը: 

«Այո, այդտեղ կան ձախողումներ: Եվ այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ: Շարունակվում են ուսումնասիրությունները: Հույս ունեմ, որ այդ ուսումնասիրությունների արդյունքներով կստանանք պատասխաններ», – ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ ցանկացած երկրում կան ձախողված գործընթացներ: «Եթե ուզում ենք, որ որևէ պրոցես չձախողվի, ապա պետք է որևէ պրոցես չնախաձեռնենք: Իսկ դա իր հերթին նշանակում է ճահճացում», – ասաց նա:

Վարչապետն ընգդծեց՝ պետք է աշխատել՝ հասկանալով, որ այդ աշխատանքը ոչ միայն բերելու է արդյունքներ, այլ նաև հետևանքներ: Ամեն առանձին դեպք պետք է ուսումնասիրվի:

«Ինչքանով որ գիտեմ, այդ փաստի առիթով քրեական գործ կա հարուցված: Եթե չեմ սխալվում՝ այդ քրեական գործը հարուցված է նաև Պետական վերահսկողական ծառայության արած ուսումնասիրությունների հետևանքով, որը, հասկանալիորեն, տեղի է ունեցել իմ հանձնարարությամբ: Այո, ես կիսում եմ այդ մտահոգությունները: Եվ կարծում եմ, որ պետք է ստանանք պատասխաններ», – նշեց Փաշինյանը: