FAO–ի գլխավոր տնօրենն այցելել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն Հայաստան աշխատանքային այցի ընթացքում եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նածարարությունից։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրե Սևակ Մարկոսյանը, ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը գործընկերներին են ներկայացրել FAO տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացվող` «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի ընթացիկ աշխատանքները, այնուհետև շրջայց են իրականացվել տնկարանի տարածքում։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։
Ծրագրի իրականացման համար դրամաշնորհը տրամադրել է Կանաչ կլիմայի հիմնադրամը։ Ութնամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ-ին։ Ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում անտառային ծածկույթի 2,5 տոկոսով ավելացմանը։
Ծրագրի շնորհիվ նախատեսվում է հետագայում անտառմշակույթների հիմնումը կազմակերպել բացառապես փակ արմատային համակարգի տնկանյութով։ Ծրագրի շրջանակներում հիմնադրվել են ջերմոցներ, որտեղ ցանվել են կաղնու, կեչու, հացենու և սոճու սերմեր։
Այցին մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, ներկայացուցիչներ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից (FAO)։