ՀԱԳՄ. Օրենսդրական նոր առաջարկը նպատակահարմար չէ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահության հայտարարություն տարածել «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ:
Խնդրո առարկա նախագծերի փաթեթի հիմնավորումները, ՀԱԳՄ բնորոշմամբ, հստակ և որոշակի չեն և հարվածի տակ են դնու, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, վտանգում են երկրի ընդհանրական անվտանգությունը, ստեղծում են լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր։
«Տնտեսվարողների միջոցների հաշվին տեսախցիկների համատարած տեղակայումը և այն 24/7 ռեժիմով ոստիկանությանը հասանելի դարձնելը ոչ միայն աննպատակահարմար է և որոշ դեպքերում գործնականում անհնարին, այլև հսկայական լրացուցիչ ֆինանսական բեռ է գործարարների համար։ Եվ սա այն դեպքում, երբ բազմաթիվ հանրային վայրերում, պետական կառույցների շենքերի վրա, ճանապարհներին արդեն իսկ տեղակայված են հազարավոր տեսախցիկներ, որոնք լիովին բավարար են իրավապահ մարմիններին՝ հասարակության անվտանգության ապահովնման, հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման համար։
Գործող կարգն անհրաժեշտության դեպքում լիովին թույլ է տալիս դատական կամ պատկան մարմնի կողմից կայացված որոշմամբ ստանալ ցանկացած, այդ թվում՝ մասնավոր ընկերություններում տեղակայված տեսախցիկների տեսագրությունները։ Նոր նախագծով շրջանցվում է այս կանոնակարգումը՝ դատական իշխանության՝ որոշ առումով զտիչ գործառույթն անմիջականորեն վերապահելով ոստիկանությանը։»,- ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպությունում ուշադրություն են հրավիրում հանգամանքի վրա, որ «նախագծերի փաթեթը ենթադրում է օրենքով չարգելված նպատակներով պետական և ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրում այն դեպքում, երբ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նշված նոր դրույթը կարող է նպաստել նաև առևտրային գաղտնիքների արտահոսքին՝ խաթարելով ազատ մրցակցային դաշտը։
Նախագծերի փաթեթի շատ դրույթներ հակասության մեջ են գործող այլ օրենքներին։ Մասնավորապես անտեսված են բանկային և բժշկական գաղտնիքի պահպանման դրույթները, որոնց իրավապահ մարմինների հասանելիության համար, ըստ գործող օրենսդրության, որոշակի պայմաններ են սահմանված»։
Հայտարարության մեջ շեշտվում է նաև տեսահսկման համակարգերի առկայության պարագայում խոցելիությունը կիբեռանվտանգության ապահովման տեսանկյունից, քանի որ նախգծով հստակեցված չէ, թե ինչ տեխնիկական չափանիշներ են սահմանվելու, ովքեր են պատասխանատու լինելու տեսանկարահանող սարքերի տեխնիկական սպասարկման, ծրագրային ապահովման ու արդիականացման համար։
«Նախագծում հստակ սահմանված չեն նաև, թե ինչպես են վերահսկվելու տեսահսկման տեղեկատվական համակարգերում իրականացվող անօրինական գործողությունները, տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, պահպանելու, ոչնչացնելու կարգը, առկա չեն մշակվող տվյալների անվտանգության տեխնիկական երաշխիքներն ու դրանց ապահովման մեխանիզմները»,- նշվում է հայտարարության մեջ:
Ելնելով վերը նշվածից՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը գտնում է, որ նպատակահարմար է կասեցնել «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը։ Միաժամանակ պատրաստակամություն է հայտնում ներկայացնել նախածին վերաբերող ամբողջական դիտարկումները և մասնակցել ակնկալվող հանրային քննարկումների։