Civilnet. PayPal-ի անունից տարածվում է ֆինանսական խարդախություն

Civilnet. PayPal-ի անունից տարածվում է ֆինանսական խարդախություն
Սոցիալական ցանցերում տարածվում են կեղծ գովազդային հրապարակումներ, որոնք խոստանում են ամսական 4 000 դոլարից ավելի եկամուտ՝ PayPal ընկերության հետ համագործակցելով:
#CivilNetCheck-ը պարզել է, որ սա նոր տեսակի ֆինանսական խարդախության փորձ է, որը նպատակ ունի մարդկանց ներգրավել կեղծ կրիպտոարժույթի գնման սխեմայում:
Ի՞նչ են պնդում զեղծարարները
Գովազդային հրապարակումներում առկա հղումները տանում են կայք, որը կրկնօրինակում է հայտնի Forbes բիզնես ամսագրի կայքի դիզայնը: Այստեղ պնդում է արվում, թե PayPal-ը թողարկել է PayPal Coin անունով կրիպտոարժույթ, որի արժեքը շուտով կհասնի 10 000 դոլարի, և կարելի է հարստանալ՝ դրանում ներդրում կատարելով:
Կեղծ կայքում օգտագործվում են հայտնի մարդկանց անուններ և արվում են անիրատեսական կանխատեսումներ: Խարդախները փորձում են համոզել զոհերին անհապաղ «ներդրում» կատարել՝ լրացնելով կայքում անձնական տվյալները:
PayPal-ն իրականում ունի իր կրիպտոարժույթը՝ PayPal USD (PYUSD) անվանումով, և ոչ թե PayPal Coin, ինչպես նշվում է կեղծ կայքում:
PayPal USD-ն կայուն արժույթ է, որի արժեքը կապված է ԱՄՆ դոլարի հետ և հավասար է 1 դոլարի: Այն նախատեսված է PayPal-ի համակարգում վճարումներ կատարելու համար և չունի սպեկուլյատիվ բնույթ: