Հնդկաստանում ակնկալում են $25 մլրդ մասնավոր ներդրում տվյալների կենտրոնների ճյուղում
Հնդկաստանում տվյալների կենտրոնների ոլորտը աննախադեպ զարգացում է ապրում՝ պայմանավորված արհեստական բանականության (ԱԲ) գործիքների նկատմամբ պահանջարկով, հաղորդում է հնդկական Economictimes-ը։ Ներկայում, ըստ թերթի, Հնդկաստանում մոտ 1300 ԱԲ ընկերություն կա։ Ակնկալվում է, որ ԱԲ-ն էապես կբարձրացնի բարձր խտության սերվերների դարակաշարի (high-density server racks) կարիքը, որ ներկայում տատանվում է 5-ից մինչև 50 կՎտ հզորության սահմաններում (յուրաքանչյուր դարակաշարի համար):
Հնդկաստանում տվյալների կենտրոնների արդյունաբերությունը վերափոխման եզրին է, որը պայմանավորված է ԱԲ-ի առաջընթացով և 5G տեխնոլոգիաների ներդրմամբ, ասվում է հնդկական Avendus ֆինանսական խորհրդատվական ընկերության զեկույցում:
Այս վերափոխմանը նպաստում է բարձր արդյունավետությամբ հաշվողական ենթակառուցվածքի պահանջարկը, այդ թվում՝ բարձրակարգ GPU սերվերների և ԱԲ-ին սպասարկող ամպային լուծումների զարգացումը:
Տվյալների կենտրոնների նկատմամբ պահանջարկը մեծանում է ընկերությունների կողմից ամպային ծառայությունների գործարկման, ԱԲ տեխնոլոգիաների ավելի լայն օգտագործման, տվյալների տեղայնացման անհրաժեշտության, 5G տեխնոլոգիաների ներդրման և թողունակության մեծացման, աննախադեպ ծավալի տվյալների ստեղծման և սպառման, ինչպես նաև ընկերությունների՝ տվյալների պահուստային տարբերակները ստեղծելու արդյունքում։
Սերվերների խտության այս աճը առաջացնում է նաև սառեցման համակարգերի մեծ անհրաժեշտություն: Կանխատեսվում է, որ Հնդկաստանում 2023-ից մինչև 2030 թվականը գեներատիվ ԱԲ-ի շուկան տարեկան կաճի 28 տոկոս տեմպով, ինչը տվյալների կենտրոնների էլ ավելի մեծ պահանջարկ է ձևավորելու:
Առաջիկա չորս տարիների ընթացքում Հնդկաստանում ԱԲ-ով աշխատող տվյալների կենտրոնների ակնկալվող պահանջարկը գնահատվում է մոտ 500 ՄՎտ: Այս կտրուկ աճը պայմանավորված է թվային ծառայությունների արագ ընդլայնմամբ և տարբեր ոլորտներում բարձր արագության տվյալների աճող անհրաժեշտությամբ:
Հնդկաստանի ներկայիս տվյալների կենտրոնի դրվածքային հզորությունը կազմում է 1011 ՄՎտ, որի 94 տոկոսը կենտրոնացած է յոթ խոշոր քաղաքներում: Մումբայը և Չեննայը առաջատար են՝ իրենց լավ կայացած ենթակառուցվածքային ցանցերի շնորհիվ:
Մումբայում է կենտրոնացած Հնդկաստանի տվյալների կենտրոնների ընդհանուր հզորության 48 տոկոսը, ինչին նպաստում են անդրծովյան կապուղիների հանգույցները, հուսալի էներգիան և մալուխային խիտ ենթակառուցվածքը: Ակնկալվում է, որ առաջիկա հինգ տարիներին քաղաքում այս հզորությունները կաճեն ավելի քան 35 տոկոսով:
Չեննայում ևս էական պահանջարկ կա նմանատիպ ենթակառուցվածքային առավելությունների և Մալայզիա – Հնդկաստան – Սինգապուր – Թաիլանդ՝ վերջերս անցկացված անդրծովյան մալուխի շնորհիվ, որը լրացուցիչ պահանջարկ կարող է բերել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից:
Հյուսիսային և Արևելյան Հնդկաստանում այս առումով առաջատար են Դելին և Կալկաթան։ Կանխատեսվում է, որ Դելիին բաժին կընկնի ներդրվող հզորություննեի մոտ 15 տոկոսը:
Avendus-ի զեկույցում ասվում է, որ հնդկական տվյալների կենտրոնների արդյունաբերությունը հասունանում է կապիտալի երկարաժամկետ կայուն ներհոսքի աճով, որը պայմանավորված է թվայնացման և տվյալների տեղայնացման միտումներով:
Դեվելոպերները հաջորդ տասնամյակի ընթացքում նախագծում են 3 ԳՎտ հզորության մալուխագիծ, որը կպահանջի մոտ 25 մլրդ դոլարի կապիտալ ծախս, ինչը մեծ հնարավորություն է ներդրողների համար:
Աղբյուրը՝ CivilNet